Դեկտեմբերի 23-ին, օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, կայացավ թեմական երիտասարդաց միությունների տարեվերջյան միջոցառումը, որին իրենց մասնակցությունը բերեցին թեմական միությունների ավելի քան 200 երիտասարդներ ՝ իրենց հոգևոր հովիվների հետ միասին:
Միջոցառումը մեկնարեց Սաղմոսավանք վանական համալիրում Թեմակալ Առաջնորդի օրհնությամբ և միասնական աղոթքով ու շարունակվեց Սաղմոսավանքի Հայորդյաց տանը:

Սրբազան Հայրը երիտասարդներին ուղղված իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը եկեղեցու կյանքում՝ ասելով. «Դուք մենակ չեք, մեզ հետ է Աստված, քանի որ Քրիստոս ասաց, որ ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, և այսօր էլ եկեղեցին իր առաջնորդով ու եկեղեցականներով ձեզ հետ է, նաև՝ երիտասարդները մեկը մյուսով մենակ չեն»:
Երիտասարդներին հնարավորություն ընձեռնվեց իրենց հուզող հարցերը ուղղել Սրբազան Հորը և ստանալ պատասխաններ:
Միջոցառման ընթացքում իր խոսքը երիտասարդներին փոխանցեց նաև «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» գործադիր տնօրեն՝ պարոն Արշավիր Գաբուջյանը:

Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու՝ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, ներկաներին ներկայացրեց ծրագրի իրականացման նպատակը և հավելեց. «Սրբազան Հայր, սիրելի Տեր Հայրեր և հյուրեր, այստեղ պտղունց-պտղունց Արագածոտնի թեմի գրեթե բոլոր համայնքներից հավաքվել են շուրջ 200 երիտասարդներ, իսկ ինչու՞ «պտղունց-պտղունց», որովհետև պտղունցով վերցնում ենք միայն աղը. չէ՞ որ մեր Տերն ասաց, որ մենք ենք երկրի աղը: Հետևաբար այստեղ ենք, որ ասենք. «Մենք համեմելու և համովացնելու ենք մեր հայրենիքը»:

Երիտասարդները միմյանց նվիրեցին նաև իրենց ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերներ:

աղբյուր՝ https://www.facebook.com/100070352101719/posts/pfbid05MLM1zAM8J5kVK5X5JFVqnNHohKHK4i7Av24bnQdWQgKNCgyoJbbxCnPUmzm29xml/?mibextid=K8Wfd2