Ապրիլի 8-ին` Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին, թեմի երիտասարդներն իրականացրին արդեն ավանդույթ դարձած «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը ստանալով` երթի մասնակիցերը, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկսեցին երթը:
Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով շարականների ու հոգևոր երգերի կատարումներով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քարե գորգի վրա վառվող կանթեղներով ձևավորեցին Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
Թեմի երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով երթի նախաձեռնողն է, մասնավորապես ասաց․ «Իմ ցանկությունն ու հորդորն է, որ ամենքս Աստծո օգնությունը խնդրելով՝ ամուր մնանք հավատքի մեջ և մաքուր սրտով պահենք Սուրբ Հարության տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն հնարավոր առիթով սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մեծ դժվարություններ կրող, բայց ոչ մի կերպ չհանձնվող մեր հայրենակիցներին։ Թող որ Փրկչի Հարության ավետիսով նորոգենք մեր ուխտը Աստծո հետ, ամրանանք և զորանանք հավատքով, հարուցյալ կյանքի հույսով, որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ պատուհասած նեղություններն ու դժվարությունները»։
Այս տարի «Հարության Ավետիս» երթին մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների անդամները, Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման անդամները, զինվորներ, երիտասարդական տարբեր կազմակերպությունների անդամներ, հավատացյալներ և այլք։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին