Մարտի 14-ին Երևանում նշվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բարեկենդանը։
Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը և Երևանի Ռուսական արվեստի թանգարանը:
Տոնին մասնակցեցին նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները՝ ԱՀԹ Երիտասարդական կառույցների համակարգող, Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ և օրհնությամբ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։
Միջոցառման կազմակերպիչների կողմից հատկացվել էր տաղավար, որտեղ թեմի Երիտասարդաց միության անդամները ներկայացրեցին Բարեկենդանին հատուկ ազգային ուտեստներ, ինչպես նաև՝ պահոց շրջանի ուտեստներ, քանի որ Հայ Եկեղեցում այժմ Մեծ Պահքի շրջանն է: Երիտասարդները ներկայացրին նաև ազգային խաղեր:
«Այս տարի մասնակցում է Արարատյան Հայրապետական թեմը ևս, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի նմանատիպ տոն։ Ինչպես Հայ Եկեղեցում, այնպես էլ Ռուս Եկեղեցում կարևոր են ընտանեկան արժեքները, ավանդույթները, պատմությունը: Այդ պատճառով այս տարի որոշեցինք միավորվել»,- իր խոսքում նշեց Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի բաժնի պատասխանատու Ելենա Շուվաևան: