Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կազմակերպեցին երիտասարդական ուխտագնացություն դեպի Նորավանք և Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այն նվիրված էր Տեր Պետրոսի՝ երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող նշանակվելու և միությունների վերակազմավորման 10-ամյակին։

Ուխտագնացությանը մասնակցում էին երիտասարդական կառույցների տարբեր տարիների ատենապետերն ու անդամները, ովքեր եկել էին անակնկալ մատուցելու Տեր Հորը ու միասին կիսելու օրվա բերկրանքը։ Ճանապարհին ուխտավորներն այցելեցին նաև Խոր Վիրապ վանք, ուր իրենց աղթոքները վեր առաքեցին առ Աստված՝ Հայրենիքի ու Մայր Եկեղեցու անսասանության և երիտասարդաց միությունների արգասավոր գործունեության համար։
Իսկ ճանապարհն իրենց կատարումներով էլ ավելի գեղեցիկ դարձրեցին «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբի անդամները (գեղ. ղեկավար Սարգիս Փարամազյան)։

Օրն ավարտվեց ավանդական սիրո ճաշով։

Արդեն 10 տարի է, ինչ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդներն ակտիվորեն իրականացնում են բազմաբնույթ հոգևոր, մշակութային, սոցիալական և քարոզչական ծրագրեր:

աղբյուր՝ https://www.facebook.com/Ararat.miutyun