• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ԱՀԹ-ում տրվեց «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ թեմական դասընթացի մեկնարկը

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր հովանու ներքո Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրականացնել իր առաքելությունը։

Ս․թ․ դեկտեմբերի 18-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ կայացավ «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը, որին մասնակցեցին թեմի մի քանի տասնյակ երիտասարդներ։

Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու Արաքս Պողոսյանն էր։ ԱՀԹ-ում մեկնարկով այս դասընթացը թեմական դառնալու հայտ ներկայացրեց։

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:

Երիտասարդները ոչ միայն դասընթացի մասնակից են, այլև՝ ընթացքն ապահովողներ: Այն ամբողջությամբ անցկացվում է ինտերակտիվ մեթոդով. մասնակիցները ոչ միայն իրենք են գտնում հարցերի պատասխանները, այլև՝ առաջադրում հարցեր:

Դասընթացը սկսվեց Տերունական աղոթքով։ Թեմի Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը երիտասարդներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույնները, ինչպես նաև՝ հաջողություն մաղթեց դասընթացի կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։

ԱՀԹ-ում մեկնարկած դասընթացն անցավ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ, հարց ու պատասխան սկզբունքով։ Հատկապես մեծ ակտիվությամբ երիտասարդները մասնակցեցին դասընթացը ժամանակ առ ժամանակ ընդմիջող ինտելեկտուալ-հոգևոր խաղերին և վիկտորինային։ Հաղթողները ստացան ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից պատրաստված նվերներ։

Դասընթացի ավարտին երիտասարդներին ուղղված իր խոսքում Հայր Թովման կարևորեց հոգևոր կրթությունը դեռևս երիտասարդ տարիքից՝ հույս հայտնելով, որ դասընթացն իր առջև դրված նպատակին ծառայեց։ Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը մասնակցության վկայականներ հանձնեց երիտասարդներին։

Հայր Սուրբը նաև իր շնորհակալությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ հյուրընկալության համար, ինչպես նաև երիտասարդակենտրոն աշխատանքի համար իր գնահատանքը հայտնեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին՝ իբրև թեմի Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատուի։