• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Այսօր էլ պիտի ապրենք և արարենք հառնումի տեսիլքով». ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի Զատկական շնորհավորանքը

Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր ի Քրիստոս,
Ավարտվեց յոթշաբաթյա ապաշխարության ճամփորդությունը, որ կոչվում է Մեծ Պահք։ Անցնելով խոկումների, ծոմի և աղոթքի, մեծ ու փոքր հրաժարումների, հոգևոր և մարմնավոր փորձությունների, ինքնաքննության և ինքնամաքրման միջով հասանք բաղձալի Սուրբ Հարության տոնին։
Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հետքերով անցանք Ավագ Շաբաթվա բոլոր հանգրվանները, որ եզրափակվեց մատնությամբ, խաչելությամբ, թաղմամբ և հաղթական ու հրաշափառ Հարությամ

բ։

Առաքյալն ասում է մեր Տիրոջ մահվան մասին․ «Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս։ Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հաւատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար։» (Գաղատաց․ 2.20), իսկ հարության մասին էլ ասում է հետևյալը․ «Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս յարութիւն չի առել։ Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը» (Ա Կորնթ․ 15;13-14):
Հայ ազգը, որ Քրիստոսին խաչակից կյանքի դարավոր պատմություն ունի, բազում անգամներ է ճաշակել մահը և հառնումը։ Այսօր էլ մենք պիտի ապրենք և արարենք հառնումի տեսիլքով։
Երբևէ չունայնացնենք մեր կյանքով Տիրոջ երկրային տնօրինությունները: Լինենք այն սերմերը, որոնք առ մերձավորը սիրո մեջ թաղվելով առատ հոգևոր պտուղներ են տալիս:
Ինքնամաքրումի, լուսավորումի և կատարելագործման հոգևոր այս մեծ երթի ավարտին եկեք մեկմեկու փոխանցենք սքանչելի Ավետիսը՝ ասելով․
«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ, ՁԵզ և ՄԵզ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»։
Թովմա վարդապետ Խաչատրյան
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ