Դեկտեմբերի 6-ից 8-ը Բելգիայի Բրուգե քաղաքի մերձակայքում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, տեղի ունեցավ Բելգիայի Հայ Եկեղեցու երիտասարդական միության եռօրյա ճամբարը՝ «Հայ Եկեղեցու Երիտասարդ Առաքյալների Դաստիարակության Ծրագիր» խորագրով։ Հավաքին մասնակցում էին երիտասարդներ Բելգիայի տարբեր քաղաքներից։
Երիտասարդները մասնակցեցին խմբային քննարկումների՝ ներկայացնելով իրենց կարծիքները, և քննարկեցին իրենց առաքելության իրականացումը եկեղեցում։
Կազմավորվեց Բելգիայի երիտասարդական միության կոմիտե, որի նպատակն է հետագա ծրագրերի մշակումը և կազմակերպումը։Մա սնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր՝ նշելով իրենց պատրաստակամությունը՝ որպես առաքյալներ մասնակցելու Հայ Եկեղեցու առաքելությանը։
Հավաքը կարևոր առիթ էր երիտասարդների համար՝ խորացնելու իրենց հավատքը, զարգացնելու հոգևոր արժեքները և ստանձնելու իրենց առաքելական դերը եկեղեցու ներսում։