— Շատ բարդություններ կան, որ թվում է, թե անհաղթահարելի են, բայց մի բան կա, որը ձեզ կդրդի առաջ գնալ. դա ցանկությունն է, — ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակում երիտասարդների հետ հանդիպումն այսպես սկսեց Էրազմուս+ ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ, ՀՖՀՀ կարիերայի համակարգող և Volunteam ՀԿ-ի համահիմնադիր Նենսի Մկրտչյանը: Նա սիրով իր փորձը և գիտելիքները փոխանցեց երիտասարդներին՝ հանգամանալից բացատրելով, թե ինչպես կարելի է արտերկրում անվճար կրթական ծրագրերից օգտվել:
-Արտերկրում կրթություն ստանալը նոր հնարավորությունների աշխարհ տանող դռներ է բացում մեր առջև, որտեղ կարող ենք ձեռք բերել հաղորդակցման հմտություններ, նոր միջազգային ընկերներ, միջազգային կազմակերպությունների ցանցում համագործակցության հնարավորություններ, դառնալ նոր միջազգային կազմակերպությունների հիմնադիր, ինչպես նաև ճանաչել այլ մշակույթներ, — համոզված է Նենսին: Իսկ թե ինչն է խանգարում երիտասարդներին օգտվել այդ հրաշալի հնարավորությունից, վերջինիս կարծիքով, անինքնավստահությունը և տեղեկատվության պակասը, որի բացն իրենք այժմ փորձում են լրացնել։
Նենսի անունով աղջիկը, սիրում է պրպտել և գտնել իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, և դա ՀԵՀԵՄ-ական երիտասարդների համար վարակիչ օրինակ էր: Նրանք համոզված են, որ Նենսին դեռ շատ անգամներ կլինի ՀԵՀԵՄ հյուրընկալ հարկի ներքո և կկիսվի իրենց հետ նորանոր գաղափարներով:
Տեսահոլովակը՝ Վերգինե Առաքելյանի
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի