Հունվարի 20-ին Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ և նախագահությամբ կայացավ թեմի հովվություններում գործող երիտասարդաց միությունների տարեկան առաջին Ատենապետաց ժողովը:

Սրբազան Հայրը կարևորեց երիտասարդաց միությունների ակտիվ գործունեությունը՝ հորդորելով իրենց գործունեությամբ եկեղեցու շուրջն համախմբել այլ երիտասարդների, կազմակերպել եկեղեցում նրանց կյանքը՝ առաջնորդվելով քրիստոնեական և ազգային արժեքներով ու սկզբունքներով:

Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը երիտասարդների անունից իր երախտիքի խոսքը հայտնեց թեմակալ Առաջնորդին միությունների գործունեությանը մշտապես նեցուկ լինելու համար, ներկայացրեց հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը և անելիքները:

Ժողովի ընթացքում պատասխանատուները ներկայացրեցին միությունների գործունեությունը, քննարկվեց տարեկան ծրագրերը և որոշվեց առաջիկայում համայնքներում կազմակերպել Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններ, ակտիվ ներգրավվել քարոզչական գործունեությանը հոգևոր հովիվների հետ:
Հանդիպումն ավարտվեց միասնական աղոթքով: