• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է․ հանդիպում Արփի Վանյանի հետ

«Անհնարինը հնարավոր»: Սա ոչ միայն գրող, սցենարիստ, լայֆ-քոուչ Արփի Վանյանի գրքերից մեկի վերնագիրն է, այլև իր ապրելու և աշխատելու սկզբունքը:
-Չկա որևէ սահմանափակում։ Միակ սահմանափակումը մեր մտքի մեջ է։ Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է: Փոխում ես մտքերդ, փոխվում է կյանքը: Եթե մենք մեր ուղեղում չենք ցանում դրական մտքեր, այնտեղ մոլախոտ է աճում, — օգոստոսի 2-ին ՀԵՀԵՄ ԿԳ-ում կայացած հանդիպմանը երիտասարդները կյանքի նման դասեր ստացան այս մտքերի հեղինակից։ Արփի Վանյանը համոզված է, որ իր ասելիքի և քրիստոնեական արժեքների միջև առանձնապես մեծ չէ տարբերությունը, պարզապես ինքը պատմում է դրական մտքերի իրականացման ուղու մասին այլ՝ մասնագիտական լեզվով։

Նա շատ կարևորում է, թե ինչպես ենք մենք մեր օրը սկսում՝ երախտագիտության, գոհության զգացումո՞վ, թե՞ տրտնջոցով։ Արդյունավետ ապրելու ամենամեծ գործիքներից մեկը երախտագիտությունն է՝ Աստծուն, մերձավորներիդ, շրջապատիդ։ Այն, բացի հոգևոր ներգործությունից, ունի նաև հոգեբանական ազդեցություն։ «Անհնարինը հնարավոր» գրքի հեղինակը վատ մտքերից ազատվելու լուծում է առաջարկում՝ կտրել դրանցից կախվածության երևակայական պարանը։ Երիտասարդները բազմաթիվ հարցեր ուղղեցին դասընթացավարին։ Հանդիպումն ավարտվել էր, բայց նրանք դեռ շրջապատել էին նրան և իրենց անվերջանալի հարցերն էին տալիս։ ՀԵՀԵՄ ԿԳ-ի կողմից, ի նշան շնորհակալության, հյուրին գիրք նվիրվեց, իսկ դասընթացի մասնակիցներին՝ աղոթագրքեր։

Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի