• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ում Աստծո սերն ավելի ուժեղ եմ զգում

Ողջո՜ւյն, ես Տիգրանուհին եմ, մասնագիտությամբ լրագրող եմ: Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ՝ մինչև վերջերս, որքան էլ տարօրինակ է, չգիտեի ՀԵՀԵՄ-ի մասին: ՀԵՀԵՄ-ը բացահայտեցի «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով և կամավորագրվեցի կառույցին: Այնուհետև մասնակցեցի բազմաթիվ հոգևոր, հայրենասիրական, կրթամշակութային և ճանաչողական ծրագրերի: Ինչպես ասում է ՀԵՀԵՄ տեսուչ Հայր Թովման՝ սա մի օջախ է, որտեղ ծառայելով երիտասարդներին՝ ծառայություն են բերում Աստծուն: Այս ամենը ինձ շատ գրավեց:

Առաջին իսկ հանդիպումից սպասված և սիրված հյուր էի, հետագայում արդեն՝ այս մեծ և ջերմ ընտանիքի անդամը: ՀԵՀԵՄ-ում հենց սկզբից էլ ընդունվեցի բարեկամաբար: Նկատեցի, որ այստեղ բոլորն էլ հավասարապես սիրված և հարգված են. չկան «ընտրյալներ»: Այստեղ ընտրյալ ենք բոլորս: Վստահաբար կարող եմ ասել, որ ՀԵՀԵՄ անձնակազմից ճառագում է այն քրիստոնեական սերը, օգնելու պատրաստակամությունն ու մշտական հոգատարությունը դիմացինի նկատմամբ, որին մեր օրերում  կարոտ է ամեն մարդ: Կարծում եմ, որ հենց այսպիսի սեր ճառագող մարդկանց շնորհիվ է, որ Աստծո սերն ամեն մարդու կյանքում ավելի տեսանելի, զորավոր և իրական է դառնում:

Մասնակցելով ՀԵՀԵՄ-ի տարատեսակ միջոցառումներին՝ հասկացա, որ ամեն անգամ այստեղից դուրս եմ գալիս ներքուստ ավելի հարստացած, մեր քրիստոնեական հավատքը, ազգային եկեղեցին ու հոգևոր արժեքները, մարդկանց, Աստծուն և վերջապես՝ ինքս ինձ նորովի բացահայտած:

Շատ էի ուզում կարողություններիս չափով ինքս էլ իմ օգտակարությունը բերել այս ընտանիք-կառույցի գործունեությանը, որից այդքան բան էի վերցրել ու դեռ շարունակում եմ վերցնել, սակայն, այսպես ասած, տեղս չէի գտնում: Եվ հենց այդ ժամանակ էլ բացվեց ՀԵՀԵՄ Տեղեկատվական բաժինը՝ լրագրող Արաքս Պողոսյանի գլխավորությամբ: Ոչինչ պատահական չէր: Հասկացա, որ գտել եմ իմ անելիքն այստեղ: Սիրով սկսեցի լուսաբանել ՀԵՀԵՄ ԿԳ-ի միջոցառումները hehem.am կայքում: Ինձ համար դա ամենահաճելի և օգտակար աշխատանքն է, որտեղ չկա պարտադրողական ոչինչ: Այստեղ միշտ զգում եմ մեծ աջակցություն, տեսնում աճելու նոր հնարավորություններ՝ օգտակար փորձի փոխանակումով, նոր գիտելիքների ու ծանոթությունների լայն շրջանակով:

Yandex.Metrica