• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Աստված մեծ է․․․

Բժիշկ Մարկը հայտնի մասնագետ էր ուռուցքաբանության ոլորտում: Մի օր նա մի շատ կարևոր գիտաժողովի էր մեկնում մեկ այլ քաղաք, որտեղ նրան պետք է մրցանակ շնորհեին բժշկական հետազոտությունների ոլորտում։ Նա շատ էր հուզվում, քանի որ այդ համաժողովում պետք է տրվեր իր երկար տարիների աշխատանքի գնահատականը։

Սակայն օդանավի թռիչքից երկու ժամ անց մոտակա օդանավակայանում վթարային վայրէջք հայտարարվեց՝ ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով։ Բժիշկը վախեցավ ժամանակին տեղ չհասնել, այդ պատճառով մեքենա վարձեց և քշեց դեպի քաղաք, որտեղ պետք է անցկացվեր համաժողովը։

Սակայն նրա հեռանալուց անմիջապես հետո եղանակը վատացավ, և սաստիկ փոթորիկ սկսվեց։ Հորդառատ անձրեւի պատճառով նա թեքեց ճանապարհն ու մոլորվեց։
Երկու ժամ անհաջող վարելուց հետո հասկացավ, որ մոլորվել է։ Նա քաղց ու ահավոր հոգնություն զգաց, ուստի որոշեց մնալու տեղ փնտրել։ Որոշ ժամանակ անց նա վերջապես հանդիպեց մի փոքրիկ խարխուլ տնակի։ Հուսահատ դուրս եկավ մեքենայից ու թակեց դուռը։
Դուռը բացեց մի երիտասարդ կին։ Բժիշկն ասաց, որ մոլորվել է և հեռախոս խնդրեց: Կինը պատասխանեց, որ հեռախոս չունի, բայց տղամարդը կարող է ներս մտնել և սպասել, մինչև եղանակը կլավանա։

Սոված, թաց ու հոգնած բժիշկն ընդունեց նրա բարի առաջարկն ու ներս մտավ։ Կինը նրան տաք թեյ և ուտելու բան տվեց։ Հետո առաջարկեց միանալ իր աղոթքին։ Բայց բժիշկ Մարկը ժպտաց և ասաց, որ հավատում է միայն քրտնաջան աշխատանքին և հրաժարվեց առաջարկից։
Սեղանի մոտ նստած և թեյ խմելով՝ բժիշկը մոմի աղոտ լույսի տակ հետևում էր կնոջը, որն աղոթում էր երեխայի օրորոցի մոտ։ Բժիշկը հասկացավ, որ կինն օգնության կարիք ունի, ուստի, երբ նա ավարտեց աղոթքը, հարցրեց նրան.
-Կոնկրետ ի՞նչ եք ուզում Աստծուց։ Իսկապե՞ս կարծում եք, որ Աստված երբևէ կլսի Ձեր աղոթքները։

Եվ հետո նա հարցրեց օրորոցում պառկած մանկան մասին: Կինը տխուր ժպտաց և ասաց. «Իմ տղան է, որը տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով, և կա միայն մեկ բժիշկ, ով կարող է բուժել նրան։ նրա անունը Մարկ է, բայց ես փող չունեմ նրան վճարելու։ Բացի այդ, բժիշկ Մարկն ապրում է մեկ այլ քաղաքում։ Աստված դեռ չի պատասխանել իմ աղոթքին, բայց ես գիտեմ, որ նա կօգնի… և ոչինչ չի կոտրի իմ հավատը»:
Ապշած և խոսելու կարողությունը կորցրած բժիշկ Մարկը պարզապես արտասվում էր։ Նա շշնջաց.
— Աստված մեծ է…

Նա հիշեց այն ամենը, ինչ այսօր իր հետ տեղի էր ունեցել. ինքնաթիռի անսարքությունը, հորդառատ անձրևը, որի պատճառով կորցրեց ճանապարհը. և այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ Աստված ոչ միայն պատասխանեց կնոջ աղոթքին, այլև հնարավորություն տվեց բժշկին դուրս գալ նյութական աշխարհից և օգնել մարդկանց, ովքեր բացի աղոթքից, ուրիշ ոչինչ չունեն:

 

Քրիստոնեական Պատմություններ

թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի