Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում, օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի, հունիսի 27-ին անցկացվեց «Աստվածաշնչյան բանալիներ» դասընթացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների կրոնի ուսուցիչների համար։

Դասընթացին մասնակցում էր նաև Հայորդյաց տների տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Առաքելյանը։
Ինտերակտիվ քննարկման ձևաչփով դասընթացին կրոնի ուսուցիչները ծանոթացան պատանիներին և երիտասարդներին Աստվածաշունչ մատյանն առավել կիրառելի և ընթեռնելի դարձնելու նոր հմտություններին։

Դասընթացն անցկացվեց երկու խմբով, որին, ընդհանուր առմամբ, մասնակցեցին մեկ տասնյակից ավելի ուսուցիչներ։

«Աստվածաշնչյան բանալիներ» դասընթացի նպատակը երիտասարդներին օգնելն է Աստվածաշնչից ճիշտ օգտվել, ճանաչել Աստվածաշնչի բաժանումները, Գրքերը և Աստվածաշունչն ամենօրյա ընթերցման գիրք դարձնել։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։

Դասընթացի մասնակիցներին բաշխվեցին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից ՀԵՀԵՄ գրասենյակին տրմադրված Աստվածաշունչ մատյաններ։

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: