Սեպտեմբերի 10-ին կայացավ պոլսահայ երգչուհի, ՀԵՀԵՄ-ի բարեկամ Սիբիլի կատարմամբ «Ավրորայի աղոթքը» երգի պրեմիերա-փակ դիտումը: Տեսահոլովակի դիտումից հետո ստեղծագործական անձնակազմը լրագրողական հանրությանը ներկայացրեց դրա ստեղծման պատմությունը: Նկարահանումները տևել են շուրջ 4 տարի: Երգի հիմքում ընկած է Հայոց ցեղասպանությունից տուժած մի հայ որբուկի կյանքի պատմությունը: Չափազանց հուզիչ այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը՝ պատերազմներում որբացած անմեղ մանուկների համար: Որբեր, ովքեր բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետևանքները:
Մեզ հետ զրույցում երգի խոսքերի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը նշեց, որ այս գործը ստեղծելու ազդակն իր համար եղել է ցեղասպանության պատմությունից վերցված մի վավերագրություն՝ զրույց հայ որբուկի հետ, ով կորցրել էր ծնողներին: Վավերագիրը հասարակական գործիչ, գրող, լրագրող Դավիթ Ադամյանն է: Նա 1917 թվականին վավերագրել է այդ դեպքը, որի բնօրինակ ժապավենն այժմ պահվում է Ամերիկայի Կոնգրեսի գրադարանում:
«Հուսանք, որ խաղաղության կոչը ամենադաժան, ամենամոլագար ոճրագործին էլ գուցե կարողանա փափկեցնել: Թեման շատ ցավոտ է, բայց մենք չենք ուզում այդ ցավի մեջ մնալ, հենց այդ է պատճառը, որ այս տեսահոլովակում մեր որբուկը չի մնում որբ: Թեկուզև՝ վիրավոր, բայց նրա հայրը տուն է վերադառնում պատերազմից: Որբուկը գտնում է նաև մորը: Դրա մեջ սիմվոլիկ ձևով հույս կա դրված: Փորձեցինք մի քիչ լույս դնել: Աղոթքի մեջ, կարծում եմ, ավելի մեծ լույս ու հույս կա»,- նշեց Հասմիկ Հախվերդյանը:
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի խոսքով՝ տեսահոլովակը մի քիչ ֆիլմային է ստացվել: Այստեղ երգչուհին հանդես է գալիս ոչ միայն երգով, այլև կատարում է մոր դերը: Ի դեպ, սա երգչուհու համար առաջին փորձն էր՝ երգելուն զուգահեռ նաև խաղալ:
«Ինչ որ դիտեցիք, ամեն ինչ բնական է: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ մեր սրտում դեռ պատերազմ էր, նույնիսկ չէի կարողանում երգել: Երբ երգում էի՝ լալիս էի, մտքումս այդ օրերին համացանցում տարածված մի մանուկի տեսանյութն էր, ում հայրը գնացել էր պատերազմ: Ես այդ բալիկին՝ Արտյոմիկին հիշելով եմ երգել»,- ասաց երգչուհին՝ հույս հայտնելով, որ իր անկեղծ ապրումները կփոխանցվի հանդիսատեսին:
Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Դիլիջանում: Համացանցում այն կտեղադրվի 5 լեզվի ենթագրերով՝ թուրքերեն, արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն: Տեսահոլովակի համար որպես խորագիր է ծառայել Ռուբեն Սևակի «Թող արդարությունը գա խաղաղությամբ» խոսքը:
Անդրադառնալով ՀԵՀԵՄ-ի ծավալած գործունեությանը և անձամբ վաղուց ծանոթ լինելով կառույցին՝ երգչուհին նշեց, որ այն շատ կարևոր գործ է կատարում. «Մենք քրիստոնյա ազգ ենք և եկեղեցու շուրջ ենք միավորվում: Ինքս էլ եկեղեցու երգչախմբում հասակ առած երգչուհի եմ: Երաժշտական կրթություն չեմ ստացել, բայց երկար տարիներ Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու երգչախմբի մենակատար երգչուհիներից եմ եղել: Այդ պատճառով ինձ շատ հարազատ վայր է ՀԵՀԵՄ-ը»,- իր խոսքը եզրափակեց Սիբիլը՝ իրենց առաքելության մեջ ուժ և կարողություն մաղթելով բոլոր ՀԵՀԵՄ-ականներին: