ՀԵՀԵՄ ԿԳ-ն շարունակում է առցանց հոգևոր զրույցները Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) սպասավորների հետ: Այս անգամ հանդիպման հյուրը Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանն էր: Զրույցի թեման բարեվարքությունն էր: Հանդիպումը, ինչպես միշտ, սկսվեց աղոթքով:
Տեր հայրը նախ անդրադարձավ «բարեվարքություն» բառի իմաստին՝ նշելով, որ «վարք» նշանակում է գործունեություն, և այս ասելով՝ պետք է շեշտել քրիստոնյայի հոգևոր բարի գործերը: «Հոգևոր առումով բարի վարք ունենալն առաջին հերթին իմանալն է այն բարեվարքության կանոնները, որոնք ամրագրված են այն եկեղեցում, որի ներկայացուցիչն եք և որին հարում եք ձեր հոժար կամքով: Այդ կանոններն իմանալն ու դրանց անվերապահորեն հետևելը բարեվարքության դրսևորում է»,- նշեց տեր հայրը:
Այնուհետև շատ առարկայական օրինակներ բերեց բարեվարքության դրսևորումներից։ Հայ Առաքելական սուրբ եկեղեցում բարեվարքության կանոններ են, օրինակ, ամեն կիրակի պատարագին մասնակցելը, երեխային ութ օրեկանում մկրտելը և 40 օրեկանում քառասունքից հանելու կարգ կատարելը,- «Սակայն 15 տարիներ ի վեր ծառայելով եկեղեցում՝ նկատել եմ, որ մարդիկ ոչ թե հետևում են այդ կանոններին, այլ եկեղեցու կանոնները, և, ինչու չէ, նաև Աստծուն, հարմարեցնում են իրենց»,- ցավով նշեց տեր հայրը: Զրույցին միացած երիտասարդները շատ հարցեր տվեցին քահանային, և քննարկումն անցավ ինտերակտիվ միջավայրում։
Վերջում Տեր Սեբեոսը հորդորեց քրիստոնյա երիտասարդներին խստապահանջ լինել իրենց և իրենց շուրջ եղող մարդկանց նկատմամբ և նախանձախնդիր՝ իմանալու և հետևելու հոգևոր բարեվարքության կանոններին: Ինքն էլ խոստացավ ամեն կերպ աջակցել այդ կանոնների հանրայնացման գործում: