• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Ճանաչիր Ինձ, երիտասա՛րդ» ՀԵՀԵՄ դասընթաց՝ ԵՊՀ Աստվածաբանականի ուսանողների համար

Փետրվարի 25-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Ճանաչիր Ինձ, երիտասա՛րդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների համար։

Բացման խոսքով երիտասարդներին ողջունեց ՀԵՀԵՄ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։
«Ճանաչիր Ինձ, երիտասա՛րդ» ՀԵՀԵՄ դասընթացի հեղինակ և դասընթացավար, ՀԵՀԵՄ տեղեկատվական հարցերով պատասխանատու Արաքս Պողոսյանը նախ ուսանողներին պարզաբանեց, թե ինչով է կարևորվում երիտասարդ տարիքում Աստվածաշունչ կարդալը և եկեղեցի հաճախելը։ Երիտասարդներն իրենք հարց ու պատասխանի միջոցով ակտիվ մասնակցություն ունեցան ծրագրի ողջ ընթացքին։

Ամբողջ դասընթացը զուգակցվում էր ճանաչողական-կրթական խաղերով և աստվածաշնչյան թեմաներով վիկտորինաներով։
«Ճանաչիր Ինձ, երիտասա՛րդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը մշակվել է համաձայն հայրաբանական մեկնությունների։ Այս դասընթացով երիտասարդին առաջարկվում է Հին և Նոր Կտակարանները կարդալ իրար զուգահեռ՝ ըստ աստվածաշնչյան հիմնական խորհուրդների։

Դասընթացի նպատակը Աստվածաշունչը որպես մեկ-միասնական ամբողջություն ներկայացնելն է և երիտասարդի սրտում՝ սուրբգրային տեքստի հանդեպ իմացումի հրճվանք արթնացնելը։

Դասընթացի ավարտին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ոււսխորհրդի նախագահ Ասյա Ղազարյանն առաջարկեց դասընթացը հաջորդ անգամ անցկացնել իրենց հարկի ներքո, որպեսզի շատերը կարողանան մասնակցել դրան։

Բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ խաղերի հաղթողներին՝ ՀԵՀԵՄ մրցանակներ։

 

Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի