Դեկտեմբերի 22-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակը հյուրընկալեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի իր վաղեմի բարեկամներին՝ վերահաստատելով  համագործակցության ցանկությունը չափազանց կարևոր առաքելություն իրականացնող  հիմնադրամի հետ։

Հանդիպումը մեկնարկեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և ԿԳ տնօրեն Թովմա վրդ․ Խաչատրյանի ողջույնի խոսքով և աղոթքով։ Հայր սուրբը չափազանց կարևորեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի առաքելությունը և քրիստոնյա երիտասարի՝ ծրագրում ընդգրկվելու հանգամանքը։ Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ՀԵՀԵՄ-ն իր անվերապահ գործընկերային աջակցությունն է հայտնում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին և համագործակցության ձեռք պարզում։

ՀԵՀԵՄ ԿԳ-ի հյուրերն էին Անդրանիկը և Նելլին, ովքեր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հավաքագրման թիմի այս տարվա պատասխանատուներն են։  Նրանք ՀԵՀԵՄ-ական երիտասարդներին ներկայացրեցին հիմնադրամի   ընձեռած աշխատանքային և կրթական հնարավորությունները, և թե ինչպես քրիստոնյա երիտասարդները կարող են ընդգրկվել ծրագրում։ Ծրագրով հետաքրքրված ՀԵՀԵՄ-ական երիտասարդները բազմաթիվ հարցեր ուղղեցին հյուրերին և ստացան սպառիչ պատասխաններ։

Նշենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։

Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։

 Ծրագրի ընթացքում մասնակիցները  վերապատրաստվում են և տեղաբաշխվում Հայաստանի մարզային համայնքներից մեկում և իրենց կրթությանը համապատասխան առարկա են դասավանդում դպրոցներում։ Ավելին, նրանք հնարավորություն են ստանում իրականացնելու արտադասարանային տարատեսակ խմբակներ, ինչպես նաև  համայնքային զարգացման նախագիծ՝ ուղղված տվյալ համայնքում առկա խնդիրների լուծմանը։

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2022 թ.-ից սկսյալ՝ բակալավրի աստիճանի առկայություն
  • Հայերենի իմացություն

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Մանկավարժի որակավորում
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Ֆինանսական աջակցություն
  • Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ստորև՝

https://arm.teachforarmenia.org/application2019: