Նոյեմբերի 9-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Խաչապատում» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթը Երևանի Կենտրոն համայնքի 5 դպրոցների միջև, որոնցից երեքը հիմնական դպրոցներ էին՝ Շահումյանի, Պուշկինի և Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցները, իսկ երկուսը՝ ավագ՝ Մանուկ Աբեղյանի անվան և թիվ 29 դպրոցները:  Մրցույթն անցկացվեց շնորհիվ Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի հետ համագործակցության: Դպրոցներից յուրաքանչյուրից մասնակցում էին 5-ական աշակերտ: Մրցույթի անցկացման առաջարկն արել, նախագիծը կազմել և հարցաշարը պատրաստել էին ՀԵՀԵՄ Տեղեկատվական բաժնի անդամներ Դիանա Շախբազյանը և Վերգինե Առաքելյանը: Մրցույթը վերնագրված էր «Խաչապատում», քանի որ հիմնական հարցերը վերաբերում էին Տիրոջ փրկչական խաչին նվիրված տոներին և խաչելության վերաբերյալ ավետարանական հատվածներին: Յուրաքանչյուր մրցույթի համար առանձնացվել  էին տվյալ դասարանի համար նախատեսված կրթական ծրագրին համահունչ հարցեր:

Ժյուրիի կազմում էին Երևանի ՔԴԿ  պատասխանատու Լիաննա Առաքելյանը, ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական հարցերով պատասխանատու Արաքս Պողոսյանը, բարեշնորհ Սամվել և Արման սարկավագները, «Հայ Եկեղեցու Պատմություն» (ՀԵՊ) առարկայի ուսուցչուհի Տաթևիկ Պետրոսյանը:

Իններորդցիների մրցույթը ՀԵՀԵՄ անդամներից վարեց Մանե-Գրիգոր հաղորդավարական զույգը, իսկ տասներորդցիներինը՝  Դիանա-Հովհաննես զույգը: Ամբողջ մրցույթը սպասարկեցին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տարբեր բաժինների անդամները, ինչը հրաշալի միասնականության դրսևորում էր: Մրցույթն անցավ թեժ, լարված և առողջ մրցակցային մթնոլորտում: Պետք է խոստովանել, որ բոլոր աշակերտներն ուղղակի փայլում էին իրենց գիտելիքներով և պատրաստվածությամբ: Երևում էր, որ ուսուցիչները ջանք չեն խնայել նրանց փոխանցելու իրենց իմացածը և սերն առ եկեղեցի: Հաճախ չօգտվելով անգամ իրենց տրված կարճ ժամանակից՝ մրցույթի մասնակիցները միանգամից հնչեցնում էին ճիշտ պատասխաններ:

 

Իններորդցիներից հաղթող ճանաչվեց Պուշկինի անվան դպրոցը, իսկ տասներորդցիներից՝ Մանուկ Սբեղյանի անվան ավագ դպրոցը: Բայց ինչպես ասաց ժյուրիի անդամ Տաթևիկ Պետրոսյանը՝ այստեղ հաղթող են բոլորը. կարևորը միավորները չեն, այլ այն ոգին, սերը և քրիստոնեական արժեքները, որոնց կրողն են իրենք:

Մրցույթի ավարտին հաղթող թիմերին հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ, իսկ մասնակից թիմերին՝ շնորհակալագրեր: Հաղթողներին շնորհավորեցին և  մրցույթի բոլոր մասնակիցներին իրենց սրտի խոսքն ասացին ուսուցիչները և Երևանի ՔԴԿ պատասխանատուն:

 

Նշենք, որ Երևանի Կենտրոն համայնքի 5 դպրոցների միջև«Խաչապատում» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթի անցկացմանն իրենց ներդրումն ունեցան Երևանի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի պատասխանատու Լիաննա Առաքելյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի ղեկավար Մարիաննա Ապրեսյանը:

 

 

 

 


Տեսանյութը՝ Լիաննա Առաքելյանի

Նկարաշարը՝ Էլեն Ծատուրյանի