• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Սուտը բնությանը հակառակ է»․ եռամասնյա միջոցառում ՀԵՀԵՄ-ում

 

ՀԵՀԵՄ-ում երիտասարդների համար և երիտասարդների առաջարկով (այս անգամ առաջարկը ՀԵՀԵՄ անդամ Գրիգոր Թարվերդյանինն էր) հերթական հիշարժան միջոցառումն անցկացվեց: Այն եռամասնյա էր: Առաջին մասը քարոզխոսություն էր՝ «Սուտը և կեղծիքը» թեմայով, որի բանախոսը Հայր Թովման էր: Այնուհետև Սամվել սարկավագ Պողոսյանը մեզ ծանոթացրեց եկեղեցական սպասքին և հանդերձանքին: Ավարտին  երիտասարդները մասնակցեցինք երեկոյան ժամերգությանը:

Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը հայր Թովման:

«Սուտը բնությանը հակառակ է: Բնությանը հակառակ է ցանկացած բան, ինչն  արարչաստեղծ չէ»,- ասաց նա և իր խոսքը շարունակեց հետաքրքիր օրինակով. «Դուք պատկերացրեք, որ երկրագունդն իր առանցքի շուրջ թեկուզ մի քանի միլիմետր շեղ պտտվի, ի՞նչ տեղի կունենա … Ուրեմն տեսեք, թե Աստված, որքան կատարյալ է ստեղծել աշխարհը, որքան մանրակրկիտ ու ճշգրիտ»:

Աստծո ստեղծած մարդը նույնպես կոչված է լինելու կատարյալ, ինչպես որ Հիսուս Քրիստոս ասաց. «Կատարյալ եղեք, ինչպես որ կատարյալ է ձեր երկնավոր Հայրը» (Մատթ. 5:48) : Սակայն, կատարյալ մարդը այն մարդը չէ, ով իրապես, Աստծո պես կատարյալ է, որովհետև ուղղակի չի կարող Աստծո պես կատարյալ լինել: Կատարյալ մարդն այն մարդն է, ով կատարելության ճանապարհին է, այսինքն՝ ընտրել է լինել կատարյալ:

Բանախոսը մի կարևոր հավելում ևս արեց. «Ընդհանրապես, չարն է, որ սուտ է խոսում և սուտ խոսելու ճանապարհին ինքը գործածում է Աստծո խոսքը: Այո, մի մոլորվեք այն մարդկանց խոսքից, ովքեր Աստծուց չեն, Աստծո կամքի համար չեն, Աստծո գործի մարդիկ չեն և Աստծո փառքը չեն փնտրում իրենց կյանքում և գործերում, մինչև իսկ եթե տան Աստծո անունը, Աստծո խոսքից օրինակներ բերեն, փորձեն ներկայանալ որպես «լուսապսակ հրեշտակ», ինչպես որ Պողոս առաքյալն է ասում»:

Իսկ ինչո՞ւ ենք մենք՝ քրիստոնյաներս, սուտ խոսում, եթե ընտրել ենք լինել կատարյալ և չծառայել չարին: Պատճառը վախն է: Ուժեղ չենք այնքան, որ ճշմարտությունն ասենք:

Իսկ ինչպե՞ս տարբերել սուտը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հարցին Հայր Սուրբը պատասխանում է Հիսուս Քրիստոսի խոսքերով, ով ասաց. «Ես եմ Ճշմարտությունը և Կյանքը, եթե իմ մեջ մնաք, ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 14.5-7):

Իսկ ինչպե՞ս մենք պիտի Քրիստոսի մեջ մնանք: Աստծո հետ ժամանակ անցկացնելով: Իսկ տարբերակները շատ են՝ աղոթել, Սուրբ Հաղորդություն ստանալ, պահք պահել և այլն:

Հայր Թովմայի քարոզխոսությունը երիտասարդների մոտ բազմաթիվ հարցեր առաջացրեց:

Միջոցառման 2-րդ մասում բարեշնորհ Սամվել սարկավագը մանրամասն ներկայացրեց եկեղեցական հանդերձանքն ու սպասքը, դրանց խորհրդանշական իմաստն ու ծագումը:

Պարզվում է, որ եկեղեցին երկնքի արքայության հանդերձանքն է նաև, և դրա խորհրդանիշն են եկեղեցու վրա առկա ծառերի, պտուղների, կենդանիների քանդակները: Պարեգոտ և հողաթափեր. ահա այն, ինչ պատվիրեց հագնել իր աշակերտներին Հիսուս Քրիստոս, երբ կգնան երկնքի արքայությունը քարոզելու: Սա հենց այն հանդերձանքն է, որ սովորաբար կրում է հոգևորականը:

Ավելի ուշ պարզվեց, թե ինչ են խորհրդանշում թագավորի հանդերձանք հիշեցնող զգեստները, որ կրում է պատարագիչ քահանան՝ ծիրանի կամ շուրջառ, գոտի, վակաս, ուրար, թաշկինակ և այլն: Դրանք խորհրդանշում են այն Քրիստոսին, որ պիտի գա երկրորդ անգամ՝ Վերջին Դատաստանի ժամանակ՝ որպես թագավոր: Այսօրվա հանդերձանքը, որ մենք տեսնում ենք պատարագի ժամանակ, գրեթե նույնն է, ինչ կրել են 4-5-րդ դարերի եպիսկոպոսները, և որն իր հետ բերել է Հունաստանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը: Քահանայական զգեստներն ընդհանրապես խորհրդանշում են ծառայասիրություն, ինչպես որ հենց ինքը Քրիստոս մարդկությանը ծառայելու օրինակ ցույց տվեց:

Եկեղեցական սպասքի մեջ նույնպես պատահական բաներ չկան: Այստեղ ամեն բան, թե՜ տեսքով և թե՜ բովանդակությամբ, շատ խորհրդանշական է: Օրինակ՝ բուրվառը, որով խունկն են ծխեցնում, խորհրդանշում է եկեղեցին, որ մեր աղոթքներն է երկինք վերառաքում: Իսկ խնկամանը տեսքով շատ նման է նավի և դրա համար էլ կոչվում է տապանակ: Այն Նոյան Տապանի, այսինքն՝ մարդկության փրկության խորհրդանիշն է, որի դերն էլ այսօրվա մեր կյանքում կատարում է եկեղեցին:

Հանդիպման ավարտին երիտասարդները Սբ. Աննա եկեղեցում մասնակցեցին ժամերգության:

 

 

Տիգրանուհի Մարգարյան
Տիգրանուհի Մարգարյան
ՀԵՀԵՄ անդամ