Մայր Աթոռի միաբան, բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը մի քիչ վանք էր իր հետ բերել ՀԵՀԵՄ: ՀԵՀԵՄ ԿԳ-ում օգոստոսի 26-ին Դավիթ սարկավագը երիտասարդների հետ զրուցեց Մկրտության խորհրդի մասին: Իր առաջարկով ՀԵՀԵՄ անդամներն ընթերցեցին համապատասխան հատվածներ Սուրբ Գրքից և միասին մեկնեցին Սուրբ Խորհուրդը:
-Մկրտվել նշանակում է սրբվել: Ամեն ինչ սկսել մաքուր էջից, — ասաց Մայր Աթոռի միաբանը և բազմաթիվ օրինակներով, նաև հարց ու պատասխանի միջոցով հիմնավորեց իր միտքը:
— Հիսուս մտավ Հորդանան և մաքրեց ջուրը: Այդուհետ ամեն անգամ իր անունով երբ ջրերին տրվի Աստծո Խոսքը, ջրերը կմաքրվեն: Այդպես մկրտության ավազանով մենք մաքրվում ենք, — նկատեց բարեշնորհ սարկավագը և հանգամանալից խոսեց մկրտության ծեսի մասին:
Դավիթ սարկավագը գնաց և իր հետ տարավ ՀԵՀԵՄ-ական երիտասարդների ջերմությունն ու աչքերի կրակը, իսկ իրենից նրանց փոխանցեց վանքի և սրբության ներկայություն:
Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի
Տեսահոլովակները՝ Լիաննա Առաքելյանի և Էլեն Ծատուրյանի