Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդարանում ՀԵՀԵՄ երիտասարդաց հավաքները շարունակվում են։
Մայիսի 21-ին կայացավ ևս մեկ հանդիպում «Հայր Մեր» խորագրով։ Հավաքի սկիզբն ազդարարվեց Տերունական աղոթքով և Գերաշնորհ Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ։
Տաթև Սրբազանը բոլորին լսելուց հետո, անդրադարձ կատարեց այնպիսի հատվածներին և անգամ առանձին բառերին, որոնց մասին այդքան խորը երիտասարդները դեռ չէին մտածել։ Հնչեցին հետևյալ հարցերը․«Ինչու՞ «Հայր Մեր», այլ ոչ թե Հայր Իմ», « «Հայր Մեր, որ յերկինս ես», ինչու՞ է Աստված երկնքում» «Ինչու՞ ենք մենք կարծում, որ Աստված մեզ չի լսում», «Ինչու՞ է գրված նման կերպ», «Ի՞նչ կցանկանա ասել»։
Տերունական աղոթքը, նույն ինքը՝ «Հայր Մերը» այն աղոթքն է, որը Մեր Տեր Հիսուս Քրիստոս է փոխանցել առաքյալներին։ Այն ընդգրկում է յոթ ասույթներ, որոնցից երեքը փառաբանում են Աստծուն, չորսը վերաբերում են մարդուն։
Քանի որ թեման լայն ու խորն էր, մեկ հանդիպումով այն չեզրափակվեց։ Հաջորդ հանդիպմանը երիտասարդները Սրբազան Հոր ուղեկցությամբ կշարունակեն իրենց համար բացահայտումների շարքը և նոր բանալիների հայտնաբերումը։