Փետրվարի 5-ին Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հրավերով տեղի ունեցավ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի զրույց-բանախոսությունը երիտասարդների հետ։ Բանախոսության բնաբանն էր «Հիմա վե՛ր կաց, ոտքի՛ կանգնիր, որովհետև քեզ երևացի, որպեսզի քեզ դարձնեմ ինձ վկա» (Գործք 26։16)։
Հայր Ռուբենը խոսեց երիտասարդության առաքելության և հասարակության ու Եկեղեցու կյանքում նրանց կարևոր դերակատարության մասին։
Բանախոսության ավարտին Հայր Սուրբը լսեց երիտասարդների կարծիքները և պատասխանեց նրանց հարցերին՝ հորդորելով ճիշտ կարդալ ժամանակի նշանները և միշտ ունկնդիր լինել Աստծո ձայնին և հետևել Նրա կանչին։
Հանդիպումն ավարտվեց Տիգրան և Վարդան Թադևոսյանների հայրենասիրական երգերի կատարումներով, որոնց միացան նաև երիտասարդները:
Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Դաշտավանում համախմբել էր Մասիսի տարածաշրջանի եկեղեցասեր երիտասարդներին։ Տոնի առիթով երիտասարդներին իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հայր Սուրբն իր խոսքում անդրադարձավ երիտասարդների առաքելությանը՝ ընդգծելով նրանց կարևոր դերը Եկեղեցու կյանքում և հասարակության մեջ հույսի վերականգնման գործում։ Նրա խոսքով՝ այն հասարակությունը, որտեղ երիտասարդությունը ապագայի մեջ տեսնում է խոստում, այլ ոչ թե սպառնալիք, ապրում է հույսով ու լավատեսությամբ։ Երիտասարդությունն այն տարիքն է, երբ ուժը, էներգիան և արագությունը կարող են վերածվել արժեք ստեղծելու, բարիք արարելու զորության։
Հայր Ռուբենը առանձնահատուկ շեշտեց երիտասարդների կրթության կարևորությունը՝ ֆիզիկական, մտավոր և հոգևոր պատրաստվածությամբ։ Կրթության նպատակը առաքինի մարդ կերտելն է՝ արժեք ստեղծող, բարիք գործող և Սուրբ Սարգսի օրինակով՝ Քրիստոսին վկայող։
Հունվարի 24-ին Մասյացոտնի թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր զրույց և բանախոսություն «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսն էր թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հանդիպմանը ներկա էին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։
Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպում նաև Մասիսի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների հետ։








