• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՀԵՀԵՄ անդամները ջոկատավարեցին «Ծիծեռնակ» ճամբարում

«Ծիծեռնակ» ճամբար

Հուլիսի 28-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի 5 անդամներ, ԿԳ Թեմերի երիտասարդաց միության կապերի բաժնի նախաձեռնությամբ, գործուղվեցին Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարի 3-րդ հերթափոխ՝ որպես ջոկատավարներ։

Ճամբարական առօրյան գերհագեցած էր, աշխատանքային օրը՝ հաճելիորեն գերլարված:

ՀԵՀԵՄ-ական  ջոկատավարնրն արագ բարեկամացան իրենց վստահված ջոկատների հետ, միասին մասնակցեցին հոգևոր դասընթացներին, հոգեբանի հետ հանդիպումներին, առավոտյան տողանին, ազգային երգ ու պարին, սպորտային և ինտելեկտուալ խաղերին ու մրցումներին: Հասցրեցին նաև տիկնիկային ներկայացում բեմականացնել:

Ջոկատները թվով 4-ն էին: Ամեն մեկն իր անունն ու նշանաբանն ուներ: Լավագույն ջոկատ ճանաչվեց ՀԵՀԵՄ անդամ Գրիգոր Թարվերդյանին վստահված «Սարդարապատ» ջոկատը, հետևաբար՝ լավագույն ջոկատավար ճանաչվեց Գրիգորը:

ՀԵՀԵՄ մեկ այլ անդամ Մարինե Մարկոսյանի ջոկատը ճանաչվեց որպես ամենակարգապահը:

Ճամբարի Սրբոց Մանկաց մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպս․Հակոբյանը։ Խորանին իրենց մասնակցությունն ունեցան նաև ՀԵՀԵՄ անդամներ Արմեն Մանուկյանը և Գրիգոր Թարվերդյանը։

Իսկ ի՞նչ հրաժեշտ առանց երեկոյան խարույկի: Երեխաները երգեցին, պարեցին, և որքան էլ դժվար էր բաժանումը, պատրաստվեցին մեկնումին: Նրանք հոգևոր ճամբարից ձեռնունայն չմեկնեցին: Բոլորին «Նարեկ» և Մայր Աթոռի հրատարակության գրքեր բաժանվեցին:

Օգոստոսի 2-ին արդեն ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում հյուրընկալվեցին ճամբարի՝ հաղթող ճանաչված «Սարդարապատ» ջոկատի երևանաբնակ երիտասարդները՝ ՀԵՀԵՄ անդամ Գրիգոր Թարվերդյանի ղեկավարությամբ։

Երեխաները հանդիպեցին Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանին, կիսվեցին իրենց տպավորություններով։ Հայր Սուրբը երիտասարդներին փոխանցեց իր օրհնությունը և ճանապարհեց մի պայմանով, որ մյուս անգամ տեսնի նրանց որպես ՀԵՀԵՄ կամավոր։

Ճամբարային կյանքի մասին պատմող Տեսասահիկ

 

 

Yandex.Metrica