Յուրի Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական բաց համալսարանի մի խումբ ունկնդիրներ՝ համալսարանի ռեկտոր Անահիտ Օհանյանի ուղեկցությամբ, փետրվարի 7-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միության գրասենյակում հանդիպում ունեցան ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ: Հայր Թովման հանդես եկավ «Հայերն Իտալիայում» թեմայով բանախոսությամբ:

Հայր Սուրբը պատմեց Իտալիայի տարբեր քաղաքներում հայտնի և հարգի հայազգի սրբերի, տեղի հայկական եկեղեցիների և այնտեղ պահվող համաքրիստոնեական կարևորության սրբությունների մասին: Բանախոսությունից հետո Արվեստի և գրականության ժողովրդական բաց համալսարանի ունկնդիրները, ի թիվս որոնց՝ տարբեր մասնագիտության տեր մարդիկ, իրենց հուզող հարցերը տվեցին Հայր Թովմային: