Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում հունիսի 6-ին երիտասարդների համար մեկնարկեց «Աստծո կամքը» 7-շաբաթյա դասընթացի երկրորդ հոսքը։
Այսօրվա բանախոսության թեման էր «Աստվածաշունչը և կյանքի իմաստը»։ Անդրադարձ եղավ կյանքի և մահվան գոյաբանական հարցին, պատերազմներին և բնական աղետներին, դժբախտ պատահարներին, և սուրբգրային օրինակներով ցույց տրվեց, թե որն է Աստծո կամքը այդ ամենի վերաբերյալ։
Դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։
ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: