Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման /ՀԵՀԵՄ/ Կենտրոնական գրասենյակը մասնակցեց նոյեմբերի 24-ից 26-ը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում անցկացված «Երիտասարդական Էքսպո-2023»-ին, որը համախմբել էր ակտիվ երիտասարդների և ավելի քան 30 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ)՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Էքսպոն անցկացվում էր «Քաղաքացիական Կրթություն և Մասնակցություն» ծրագրի շրջանակներում։ Այն ներառում էր սեմինարներ, պանելային քննարկումներ, ինտերակտիվ թատրոն, աշխատարաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների առջև Հայաստանում ծառացած խնդիրներին առնչվող հատուկ քննարկումներ:

ՀԵՀԵՄ-ի տաղավարը հարուստ էր և շատ այցելուներ ունեցավ։ Ներկայացված էին ՀԵՀԵՄ տարբերանշանով շապիկներ, գլխարկներ, բաժակներ, կառույցի գործունեության ընթացքում հրատարակված բրոշուրներ։

ՀԵՀԵՄ գրասենյակի աշխատակիցները և կամավորները՝ թեմական երիտասարդների հետ միասին, այցելուներին ոչ միայն իրազեկում էին ՀԵՀԵՄ-ի գործունեությանը, այլև՝ հետաքրքիր խաղեր առաջարկում՝ վիճակախաղի սկզբունքով առաջարկվող հարցերին պատասխանելու միջոցով, և փոքրիկ նվերներ անում նրանց։

«Երիտասարդական Էքսպո-2023»-ի ժյուրին անցկացրեց ինստագրամյան սոցցանցում առավել հավանության արժանացած ռիլի մրցույթ, որին իրենց պատրաստած ռիլով մասնակցեցին նաև ՀԵՀԵՄ-ական երիտասարդները։
ՀԵՀԵՄ-ն արժանացավ հատուկ անվանակարգում մրցանակի։