-Ալբերտ, Դուք ընտրեցիք հոգևորականի ճանապարհը Ձեր ներսում հավատքն ամրապնդելու՞, թե՞ հոգևոր ոլորտում գիտելիքներ ստանալու համար:
-11 տարեկանում մասնակցել եմ մի ճամբարի, որտեղ կազմակերպվում էին հոգևոր զրույցներ հոգևորականի կողմից, ինչն էլ դարձավ պատճառներից մեկը, որպեսզի ես էլ հետաքրքրվեմ ու իմ համեստ տեղն ունենամ հոգևոր ասպարեզում: Թերևս առանց գիտելիքի հավատը ամուր չի կարող լինել, նաև հակառակը՝ ըստ իս: Խոսքը և´ հոգևոր, և´ տարբեր ոլորտների իմացության մասին է: Ես կարծում եմ, որ մարդը, լինելով հոգևոր ասպարեզում, անկարելի է, որ չամբարի իր գիտելիքների շտեմարանը, քանի որ սա առաքելություն է, և այդ ճանապարհին մարդը թրծվում է ամեն առումով՝ հատկապես գործնական կյանքում:
-Բայց չեմ կարծում, որ 11 տարեկան Ալբերտը, ով որոշում կայացրեց ճեմարան գնալ, այդքանն արդեն իսկ հասկանում էր:
-Իհարկե ոչ, քանի որ ինձ համար ամեն օրը բացահայտում է։ Ես ճեմարանական կյանքը նմանեցնում եմ անվերջ ճանապարհորդության, ուր մենք ամեն ժամ մի նոր բան ենք բացահայտում: Ամենակարևորը հոգևոր իմացական դաշտի ընդլայնումն է, մարդկանց հետ աշխատելը, օգնելը, կարեկից լինելը և որ ամենակարևորն է՝ Աստծո խոսքի քարոզչության արվեստին տիրապետելը: Ի հավելումն այս ամենի՝ ընկերական շրջապատը և ներանձնական խոկումները:
-Ո՞վ է հոգևորականը ըստ Ձեզ:
-Ըստ իս, հոգևորականն այն անձն է, ում բերանով Տերն է խոսում՝ քարոզելով Աստծո կենդանի խոսքը մեր սրտերից ներս: