• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ինչպե՞ս դառնալ ավելի քան 400 երեխայի հայր

«Մի անգամ ես մի երիտասարդ կնոջ հոգեհանգստի կարգ կատարեցի — հիշում է հայր Լոնգինը։ — Ձմեռ էր: Տեսա, որ թաղման արարողությունից հետո չորս տղա մնացին գերեզմանի մոտ։ Բոլորը գնացել էին, իսկ նրանք կանգնել էին՝ ամբողջովին սառած, բոբիկ ոտքերին հագած ռետինե կոշիկներ։ Դրսում 20 աստիճան սառնամանիք էր, իսկ նրանցից ամենափոքրը դեռևս մանուկ էր:

Հարցնում եմ՝ ինչո՞ւ տուն չեք գնում։

Եվ նրանք ինձ ասում են. «Մենք առանց մայրիկի չենք գնա: Մենք գնալու տեղ չունենք»։

Հայրը վաղուց էր լքել նրանց, իսկ մորն էլ ահա այսօր թաղեցին։

«Ձեր մայրը հիմա դրախտում է,- ասում եմ ես,- կգա՞ք ինձ հետ ապրելու»:

Նրանք գլխով են անում։

Դե, ես էլ նրանց բերեցի վանք։

Ընդամենը մի քանի ամիս անց նորածին աղջկա էին թողել եկեղեցու դարպասի մոտ՝ բանանի տուփի մեջ։ Մայրը նրան ծննդաբերել էր Ամանորին, գցել տուփի մեջ ու բերել մեզ մոտ։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ է նա դրված եղել այնտեղ ցրտին: Ձեռքս առա, քարի պես սառն էր՝ ամբողջովին սառած։ Մենք նրան արագ տեղափոխեցինք հիվանդանոց։ Բոլոր բժիշկները միաբերան ասացին՝ անհնար է, որ փրկվի: Բայց Աստծո ողորմությամբ աղջիկը փրկվեց։ Բժիշկները նրան տվեցին Happy ազգանունը։ Իսկ մենք նրա անունը դրեցինք Կատենկա»:

Ստեփանի հետ հայր սուրբը ծանոթացավ հաշմանդամ երեխաների գիշերօթիկ դպրոցում: Անթև տղան առաջ վազեց և հայր Լոնգինի համար կարդաց իր գրած բանաստեղծությունը։ Այնուհետև նա քահանայից պոկ չեկավ, և երբ վերջինս պատրաստվում էր հեռանալ, Ստեփանը երեսը սեղմեց նրա գավազանին և աղերսեց. «Խնդրում եմ, տարեք ինձ այստեղից»։ Հայր Սուրբը սկսեց լաց լինել և տղային տարավ իր հետ։

«Սկզբում մտածեցինք՝ դե, կվերցնենք մի 50 հոգու։ Հետո՝ 100։ Հետո որոշեցինք՝ 150-ից էլ գլուխ կհանենք, բայց… Նրանք, այդ խեղճ ձագուկները, այնքան շատ են տառապել իրենց դեռևս կարճ կյանքում, որ ուժ չէի գտնում չվերցնել նրանց ինձ մոտ; Եվ երբ նրանց թիվն արդեն 200 էր, ես մտածեցի, որ վերջ։ Բայց ինչպե՞ս թե վերջ… Հիմա արդեն ասում եմ՝ երևի 300-ի էլ կձգենք… Եթե կարողանայի, կգրկեի աշխարհի բոլոր որբուկներին»,- խոստովանում է հայր Լոնգինը։

Ունենալով մանկատանն արդեն ավելի քան 400 երեխա՝ Հայր Լոնգինը շարունակում է փնտրել լքված երեխաների՝ որդեգրել և տալ նրանց իր սերը։ Ապաստանն ընդունում է երեխաներին բոլոր երկրներից, այդ թվում՝ հաշմանդամների: Երեխաների մի մասը տառապում է ուղեղային կաթվածով և քաղցկեղով։ Առանձին շենք է կառուցվել ՄԻԱՎ-ով վարակված 50 երեխայի համար։ Քահանայի ջանքերով մանկատունն այժմ ունի հրաշալի բուժսենյակներ և ամենաժամանակակից սարքավորումները։ 90-ականներից համախոհների հետ միասին Հայր Սուրբը կառուցել տվեց մարզադահլիճ, խաղասենյակներ, լողավազան, թռչնանոց՝ սիրամարգերով, մինչև իսկ՝ երեխաների համար պոնիների ախոռ։

Ապաստանը մեծացել է և տեղակայվել երեք շենքերում։ Դրանց հարևանությամբ կան կանանց և տղամարդկանց մենաստաններ՝ իրենց սեփական տնտեսությամբ, որոնցից էլ կերակրվում են երեխաները։ Հարևան գյուղերից օգնում են դրամով և սնունդով։ Հասունացած երեխաները ընտանիք կազմեցին եւ Հայր Լոնգինի օգնությամբ կացարանի շրջակայքում տներ կառուցեցին։

Այսօր արդեն արքության աստիճան ստացած քահանան, որն ունի բազմաթիվ մրցանակներ և կոչումներ, չի սիրում խոսել այդ «պատիվների» մասին։ Նա երեք ինֆարկտ է տարել, երկու սրտի վիրահատություն, քիմիաթերապիա: Բայց Աստծո և երեխաների հանդեպ սերը նրան միշտ ուժ է տալիս առաջ նայելու։ 25 տարի առաջ մանկատան տարածքը դատարկ էր, իսկ հիմա կա մի գեղեցիկ փոքրիկ ավան, որտեղ բոլորն իրար սիրում են և երջանիկ են:

թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի
թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի
Հոգեշահ պատմություններ