• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կայացավ «Ու՞ր ես, Ադամ» ներկայացման պրեմիերան

Հուլիսի 13-ին  Սոս Սարգսյանի անվ․ Համազգային Թատրոնի բեմում կայացավ ՀԵՀԵՄ Երիտասարդական Թատրոնի «Ու՞ր ես, Ադամ» ներկայացման պրեմիերան։ Պիեսի հեղինակը և բեմադրիչը սցենարիստ, ՀԵՊ և Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Տաթևիկ Պետրոսյանն էր։

Պիեսը դրամա է՝ մի տղամարդու ապաշխարության պատմություն, որը շարունակական պայքարի մեջ է ինքնարդարացման և սեփական խղճի միջև։ Ինքնարդարացումն ու խիղճը պիեսում հանդես են գալիս կանացի կերպարներով։ Նոր-նոր մեծ կյանք մուտք գործող երիտասարդը սկզբում հաշտ-համերաշխ է իր խղճի հետ։ Նա նրան տալիս է իր ամենասիրելի համաստեղության անունը՝ Անդրոմեդա։ Իր ամենանվիրական երազանքները երիտասարդը վստահում է Անդրոմեդային, միասին գեղեցիկ և հոգեպարար օրեր են անցկացնում։ Բայց դա երկար չի տևում։ Մեծ ու փոքր խոչընդոտներ հաղթահարելու ճանապարհին երիտասարդի հոգում գլուխ է բարձրացնում ինքնարդարացումը՝  «Կոկի» անունով,  որի հետ  նա սկսում է իրեն ավելի հարմարավետ զգալ, քան սեփական խղճի։ Կոկիի պահանջով տղամարդը վերջապես գտնում է Անդրոմեդայից ազատվելու հնարը՝ խաբելով փակելով նրան սնդուկում։

Անցնում են տարիներ, և նա դադարում  այլևս լինել այն անմեղ երիտասարդը, որը հաշտ էր իր խղճի հետ։ Մեղք մեղքի հետևից է սկսում գործել՝ միշտ ուղեկից ունենալով ինքնարդարացումը։

Մարդկանց աչքին երևելի մեկն է սկսում թվալ հասարակության մեջ իր զբաղեցրած դիրքով, բայց կորցնում է ընկերներին, ծնողին, սիրած աղջկան և իր՝ դեռ չծնված երեխային։ Տղամարդը կամաց-կամաց ուշքի է գալիս հոգևոր թմբիրից, երբ սկսում է Սուրբ Գիրք կարդալ։ Եվ միայն այդժամ է հասկանում, որ սպանել է իր ներսում սեփական խղճի ձայնը։ Փորձում է նրան կյանքի կոչել իր զղջումով և ապաշխարությամբ։ Անդրոմեդան կենդանանում է և տղամարդուն ուղեկցում եկեղեցի։

Ներկայացումը հարուստ էր պարային տեսարաններով։ Դեռատի աղջիները ներկայացնում էին յոթ առաքինություները և յոթ մահացու մեղքերը։

Տղամարդու դերում հանդես եկավ Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական  թատրոնի դերասան Լևոն Այվազյանը, Անդրոմեդայի դերում՝ ՀԵՀԵՄ անդամ Նարե Շարմազանովան, Կոկիի դերում՝ ՀԵՀԵՄ անդամ Մանե Օհանյանը։

Նախքան ներկայացման սկսելը Տաթևիկ Պետրոսյանը հանդիսատեսին հակիրճ ներկայացրեց ստեղծագործական խմբի անցած ճանապարհը։

Ներկայացման ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը շնորհակալագրեր հանձնեց ներկայացման մասնակիցներին և աջակիցներին։