Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր երիտասարդակենտրոն գործունեությունը:

Գրասենյակի հերթական նախագիծը «Կամուրջ» ծրագիրն էր՝ առկա և առցանց ձևաչափերով։
«Կամուրջ» ծրագրի նպատակն է երիտասարդների կազմակերպչական և թիմային աշխատանքի կարողությունների, ինչպես նաև մեդիահմտությունների զարգացումը։

Ծրագիրը մեկնարկեց ս/թ հոկտեմբերի 24-ին՝ Հայաստանյաց թեմերի երիտասարդաց միությունների հետ Zoom հանդիպումներով։
Նոյեմբերի 8-11-ը «Կամուրջ» ծրագրի շրջանակներում ՀԵՀԵՄ գրասենյակում անցկացվեց Աշխատաժողով՝ Հայաստանյաց 12 թեմերից ավելի քան հիսուն երիտասարդների մասնակցությամբ։

Բացման խոսքով և «ՀԵՀԵՄ-ը կամուրջ եկեղեցու և երիտասարդի միջև» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Աշխատաժողովին երիտասարդներն աշխատարանների միջոցով գործնական առաջադրանքներ իրականացրեցին և ներկայացրեցին թեմական երիտասարդական քրիստոնեական աշխատանքի իրենց տեսլականը։ Միասնական աշխատանքի արդյունքում տարբեր թեմերի երիտասարդներ առավել սերտ կապեր հաստատեցին միմյանց հետ, ինչը հող ստեղծեց հետագա միջթեմական համագործակցության համար։

Կիրակի՝ նոյեմբերի 10-ին, երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ և մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագին, հընթացս որի աղոթք բարձրացվեց Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։

Աշխատաժողովի ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, Սան Ֆրանցիսկոյի Ս Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Մեսրոպ Քհն. Աշը և Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր սպասավոր, թեմի ՀԵՀԵՄ պատասխանատու Արժ. Տ. Փառեն Քհն. Առաքելյանը վկայականներ և շնորհակալագրեր հանձնեցին աշխատաժողովի մասնակիցներին։

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: