Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմում գործող Սաղմոսավանքի Հայորդյաց տանը սույն թվականի սեպտեմբերի 2-3-ին կայացավ թեմական երիտասարդաց միությունների հանդիպումը:
Երիտասարդներին միջոցառման սկզբում ողջունեց և իր հայրական օրհնությունը տվեց Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Սրբազան Հայրը, իր խոսքում կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը եկեղեցու կյանքում, պատգամեց նրանց իրենց ծառայությունը բերել երիտասարդաց միությունների հզորացմանը ու ծաղկմանը՝ շեշտելով միությունների կարևորությունը եկեղեցական կյանքի ճանաչման ու տարածման մեջ:

Հընթացս հանդիպման  երիտասարդների համար անցկացվեց «Համացանցային մարտահրավերներ» թեմայով դասընթաց, որը վարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Համբարձում քահանա Դանիելյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքի խմբագիր-պատասխանատու, թվային մարքեթինգի մասնագետ Շահանե Հարությունյանը, Մայր Աթոռի Համակարգչային բաժնի մասնագետ և միջազգային սերտիֆիկացված դասընթացավար՝ Լիլիա Թոթոլյանը:

Կիրակի երիտասարդները Սաղմոսավանք վանական համալիրում մասնակցեցին Սուրբ Պատարագի, միասնական աղոթք բարձրացրեցին առ Տեր:
Սուրբ Պատարագից հետո Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը բանախոսեց «Եկեղեցին և երիտասարդները, երիտասարդները որպես համայնքի շարժիչ ուժ» թեմայով:

Բանախոսության ընթացքում Տեր Հայրը ներկայացրեց երիտասարդաց միությունների կարևորությունը եկեղեցու և համայնքի կյանքում, գործունեության հիմնական ուղղությունները:
Մասնակիցները ներկայացին առաջարկներ, որոնք կներառվեն հետագա աշխատանքների իրականացման մեջ:

Աղբյուր՝ https://www.facebook.com/AragatsotniTem