Սիրելիներ,
Պատմության գիրկն անցավ ևս մեկ տարի՝ յուրաքանչյուրիս առիթ թողնելով խորհրդածելու անցյալ տարվա ընթացքին մեր կողմից արված և չարվածի, մեր ձեռքբերումների և բացթողումների, մեր վերելքների և անկումների, միով բանիվ՝ մեր կյանքի և հոգևոր ընթացքի շուրջ։
Յուրաքանչյուր տարին մեզ ավելի է մոտեցնում Աստծուն և Նրա Երկրորդ Գալստյանը։ Խնամքով և հոգատարությամբ է պետք վերաբերվել Աստծուց մեզ նվեր տարիներին և այս նորամուտ տարվան ևս, որպեսզի երկնային գանձանակում մեր բաժինը չպակասի և ունենանք «ավելիով կյանք» (Հովհաննես 10.10)։
Սուրբծննդյան իրողությամբ Աստված հաշտվեց մարդու հետ՝ մարդանալով և դրվելով խանձարուրի մեջ։ Այդ խանձարուրն այսուհետ բոլորիս սրտերը թող լինեն, ուր հանգիստ կգտնի մանուկ Քրիստոս։ Մոգերի ընծաներին ավելացնենք նաև մեր ընծաները՝ բարի մտածումներով ու գործերով։ Սիրենք Տիրոջ հայտնվելը, որովհետև, ինչպես Սուրբ Աթանասն է ասում․ «Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա»։
Ում անցնող տարում չենք հարգել, հարգենք, չենք ներել, ներենք, չենք սիրել, սիրենք, չենք ողորմացել, ողորմենք։ Ազգովի սիրենք իրար, որովհետև Սեր Աստված այդպես կամեցավ. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:34-35):
Նորոգված մտքով, սրտով և հոգով մուտք գործենք 2025 Տերունի տարի և արժանավայել կերպով ընդառաջ ելնենք Մանկացյալ և Ծնյալ Փրկչին։
Մանկան հավատով և մաքրությամբ դիմավորենք Նոր Տարին և Տիրոջ Սուրբ Ծնունդը՝ արժանավորաբար փոխանցելու համար մեկմեկու ավետիսների Ավետիսը․
«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ,
Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի,
Մեզ եւ ձեզ Մեծ Աւետիս»։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրով և Օրհնությամբ՝
Թովմա վարդապետ Խաչատրյան
ՀԵՀԵՄ Հոգեւոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն