ՀԵՀԵՄ—ում շարունակվում են կիրակնօրյա առցանց հոգևոր զրույցները տարբեր հոգևորականների հետ: Այս անգամ բանախոսը Տեր Թադեոս քահանա Թադևոսյանն էր՝ Տավուշի թեմի Գոշավանքի հոգևոր հովիվը: Հանդիպումը, ինչպես միշտ, սկսվեց աղոթքով: Թեման երիտասարդներին հուզող և արդիական էր՝ ո՞վ է ընտանիքում գլխավորը:
Տեր Թադեոսը նախ սահմանեց, թե ինչ է ընտանիքը, այնուհետև խոսեց ընտանիքում դերային բաժանման մասին:
Լինելով ցանկացած հասարակության հիմնական մարդկային միավորումը՝ ընտանիքը համարվում է շատ կարևոր կառույց, սակայն այս դեպքում զրույցը, բնականաբար, ծավալվեց քրիստոնեական ընտանիքի շուրջ, որն ավանդվել է հայ ազգին սերնդեսերունդ իր հոգևոր հայրերից:
Տեր հայրը կարևորեց ընտանիքի այն մոդելը, որին պատվիրել է հետևել հենց ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս: Ընտանիքը այնքան յուրահատուկ և վեհ տեղ ունի քրիստոնեության մեջ, որ տղամարդու և կնոջ փոխհարաբերություններն Ավետարանում նմանեցվում են Քրիստոսի և եկեղեցու փոխհարաբերություններին ու կապվածությանը:
Տեր Թադեոսը մեջբերեց Եկեղեցու սուրբ հայրերից հայտնի այն խոսքը, համաձայն որի՝ ընտանիքը երկնքի արքայությունն է երկրի վրա:
Մինչդեռ ժամանակակից աշխարհում գնալով ավելի ու ավելի է շահարկվում կնոջ և տղամարդու հավասարության թեման, ուստի տեր հայրը այդ տեսանկյունից ևս անդրադարձ ունեցավ՝ նշելով, որ հայկական իրականության մեջ այդ հավասարությունը ամրագրված է դեռ 12-րդ դարից՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»: Մինչդեռ այդ դարաշրջանի այլ երկրների հանրույթներում կինը անգամ չէր էլ կարող մտածել հավասարության մասին: Խոսքը շատ հաճախ այն նույն երկրների մասին է, որոնք այսօր ֆեմինիզմի և կնոջ ու տղամարդու իրավունքների ջատագովներ են հանդես գալիս:
Պատմականորեն հենց քրիստոնեության շնորհիվ է, որ աշխարհում կինը սկսել է ձեռք բերել այդ ազատությունը և դիտարկվել է հավասար իրավունքներով օժտված, ինչպես որ տղամարդը, իսկ տարբերությունները զուտ ընտանիքում դերերը և պարտականությունները ճիշտ բաշխելու համար են:
Բազմաթիվ էին թեմայի շուրջ հնչած հարցերը։ Տեր հայրը հանդիպման ընթացքում շարունակ իր խոսքը կառուցում էր ընտանիքի և ընտանեկան հարաբերությունների մասին իրական դեպքերի և ուսուցողական պատմությունների հիման վրա, ինչպես նաև հետաքրքիր առակներ էր պատմում, որոնք նրբորեն բացահայտում էին ընտանեկան հարաբերությունների ողջ ներկապնակը։