• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Պատերազմ անունով ծերունին․ Գոռ Ավետյան

                                                                                                                (Պատմվածք)

————————————————————————————————————————————————————-

Աշխարհի փոքրիկ անկյունում կար մի փոքրիկ գյուղ: Գյուղն այնքան փոքր էր, որ մի ծայրից եկող ձայնը լսվում էր մյուս ծայրում: Գյուղի բնակիչներն ամեն օր արթնանում էին գործը պլանավորած ու քնում վաղվա օրը պլանավորելով: Նրանք համեստ էին ինչպես իրենց գյուղը: Գյուղի ծայրամասում ապրում էր Պատերազմ անունով մի ծերունի, ումից բոլորը սարսափում էին: Նրա տնից միշտ տղամարդու բղավոցներ և կրակոցի ձայներ էին գալիս: Նրա տան պատերը կարմիր էին, կարմիր՝ վառվող կրակի պես, ու տան շրջակայքից վառոդի հոտ էր միշտ գալիս: Գյուղացիները տան ու ծերունու մասին խոսում էին զգույշ ու շշուկով ու պատմում, որ ամեն անգամ տանից դուրս գալիս նա իր հետ տուն էր տանում տղամարդկանց: Գյուղի ծերերը վախով էին տալիս նրա անունը և նրան կոչում Սարսափելի:

Գիշերը գյուղին քուն էր նվիրել: Գյուղացիները, օրվա հոգսից հոգնած ու ուժասպառ, իրենց մարմինը հանձնել էին երազներին: Լսվեց Պատերազմի ձայնը: Տանից ուժեղ կրակոցների ձայն հնչեց, ու հանկարծակի ծերունու ուժեղ ոռնոցի հետ բացվեց իր տան ծանր դուռը: Գյուղը մի քանի րոպեում լուսավորվեց: Կանայք սարսափած գրկել էին իրենց երեխաներին, իսկ տղամարդիկ փորձում էին հասկանալ՝ ինչ է կատարվում: Ավելի տարեցները հորդորում էին տղամարդկանց տանից դուրս չգալ և թաքնվել, որովհետև ծերունին վստահաբար այս անգամ ևս դատարկաձեռն չէր վերադառնալու իր տուն: Ծանրաքայլ ծերունին շրջում էր գյուղի միջով ու տան պատուհաններից նայում ներս: Եթե որևէ տանը նկատում էր տղամարդու, օջախից մտնում ու ամուր ձեռքերի մեջ էր առնում նրան ու շարունակում որսը:

Նա գիրկն առավ տղամարդկանց ու քայլեց դեպի իր կրակե ամրոցը: Ծերունիներն ու կանայք` երեխաներին գրկած, սարսափահար դուրս եկան իրենց տներից ու նայեցին ծերունու քայլերի հետքերով: Ծերունին վստահ քայլերով մտավ տուն ու շրխկացրեց դուռը: Խուլ ճիչեր էին հնչում տանից: Ծերունին գոռում ու հրամաններ էր արձակում: Ողջ գիշեր գյուղը լսում էր սարսափելի կրակոցների ու ցավից ճչացողների ձայնը: Առավոտյան գյուղը լուռ էր ու արևին դիմավորեց սև հագած: Գյուղի կանայք առավոտ կանուխ արթնացել և նայում էին ծերունու տան կողմը: Գիտեին՝ ծերունին չի մեռնի, գիտեին, որ հաջորդը իրենց որդիներն էին:

 

 

Գոռ Ավետյան
Գոռ Ավետյան
ՀԵՀԵՄ անդամ
Yandex.Metrica