• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Քրիստոս հարյավ, իսկ ե՞ս

Զատիկից հետո մտա դասարան։ Երեխաները գիտեին՝ քանի որ հոգևորական եմ, անպայման պետք է նրանց բարևեի հետևյալ խոսքերով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Եվ այսպես, ես ներս մտա, բայց որոշեցի նրանց ոչինչ չասել՝ բնականաբար, կոնկրետ նպատակ հետապնդելով։ Ես պարզապես ողջունեցի նրանց և հարցրի.

-Դե, ինչպե՞ս եք։ Ի՞նչ եք անում։

Եվ աշակերտներից մեկը դարձավ դեպի ինձ ու ասաց.

-Պետք է ասել «Քրիստոս հարյավ ի մեռելոց», Տեր Հայր։

- Օ՜, այո, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

— Բայց Դուք դա չասացիք։

— Այո, չասացի:

Մյուս երեխաները զարմացան, որ աշակերտն ինձ ասաց, թե ինչ պետք է ասեմ և ուղղեց ինձ։

Այդ պահին դուռը թակեցին, և ներս մտավ հարևան դասարանից մի տղա, ով ուզում էր նրանցից բասկետբոլի գնդակը վերցնել.
— Ներեցեք, կարո՞ղ եք ինձ տալ ձեր բասկետբոլի գնդակը: Թե չէ մենք չգիտենք՝ ինչով խաղալ։
Բոլորը բղավեցին.
— Գնա այստեղից։ Ոչ մի գնդակ քեզ չենք տա։ Անցյալ անգամ մենք ձեզ տվեցինք, իսկ դուք կորցրեցիք այն: Մենք այլևս գնդակ չենք տալիս: Հեռացի՛ր։
Խեղճ երեխան ամոթից դուռը փակեց ու գնաց։ Ես դիմեցի դասարանին և ասացի.
— Երեխաներ, այս բոլոր ճիչերի հետ դուք մոռացաք նրան ասել այն, ինչ ինձ ասացիք:
— Ի՞նչ։
-Քրիստոս հարյավ: Պետք էր նրան այսպես ասեիք. «Գնա՛ այստեղից։ Քրիստոս հարյավ»:
Նրանք շփոթվեցին և ուշադիր նայեցին ինձ.
— Ի՞նչ նկատի ունեք։
— Նույնը, ինչ դուք նկատի ունեիք քիչ առաջ: Դուք դիտողություն արեցիք ինձ, երբ ես մտա դասարան (և ճիշտ արեցիք), որ ես պետք է բարևեի «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բառերով։ Բայց «Քրիստոս հարյավ»-ն այնքան ուժեղ արտահայտություն է, այնքան հզոր իրականություն, որ դա ասելը բավական չէ. անհրաժեշտ է այն կյանքի կոչել ձեր առօրյա կյանքում, ձեր փորձառություններում, ձեր նորոգված մտքում, ձեր կերպարանափոխված սրտում, բոլոր առօրյա հանգամանքներում։ Դուք հեշտությամբ ասում եք՝ «Քրիստոս հարություն առավ», բայց «քեզ գնդակը չենք տա», «Քրիստոս հարություն առավ», բայց «փակի՛ր դուռը և մեզ հանգիստ թող»։

Քրիստոս հարություն առավ, նշանակում է, որ ես հարություն առա Նրա հետ: Հակառակ դեպքում՝ դա ինձ հիշեցնում է մի երիտասարդի ասածը, երբ ես դեռ ավագ դպրոցում էի սովորում։ Ես այն ժամանակ փոքր էի, և, իհարկե, նա ինձ հեգնանքով պատասխանեց.
-Քրիստոս հարյավ: Բայց ի՞նձ ինչ:
Նա հարություն առավ, իսկ ե՞ս. Իսկ մե՞նք։ Ի՞նչ նշանակություն ունի դա մեր կյանքի համար՝ այստեղ և հիմա: Դա ընդհանրապես ազդո՞ւմ է այն իրականության վրա, որում ես ապրում եմ։
Բերանով ասում ես «Քրիստոս հարություն առավ», բայց քո կյանքում դեռ ոչինչ հարություն չի առել։ Իմ մեջ դեռ ապրում և գարշահոտում են Էգոիզմի դագաղները, իմ կրքերը, իմ արատներն ու թուլությունները։
Ահա՛ ցանկալի նպատակը՝ ինչպե՞ս, ո՛վ իմ Քրիստոս, կյանքս հարություն պիտի առնի։ Ես սա եմ աղոթում Աստծուն, և այժմ ես չեմ խոսում որպես քո ուսուցիչ, այլ պարզապես ասում եմ, որ դու պետք է ուշադիր լինես քո ասածների նկատմամբ:
Հիշո՞ւմ ես, թե ինչ է ասում Հին Կտակարանը: «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չտաս» (Բ Օրին. 5.11): Դու քո բերանն ես առնում այս սուրբ խոսքերը, բայց իրականում չեղարկում ես դրանք:

Ես մի անգամ զանգեցի մի քրիստոնյայի, ով գիտեի, որ ֆինանսական հնարավորություններ ունի.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
— Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
— Գիտե՞ք, մի աղքատ ընտանիք կա, որին փող է պետք։
— Էհ, Տեր Հայր, ի՞նչ կարող ենք անել: Գիտե՞ք, հիմա ճգնաժամ է, շուրջբոլորը միայն խնդիրներ են։ Ես կաղոթեմ, որ նրանք ինչ-որ լուծում գտնեն: Ի՞նչ անել։ Ես չեմ կարող նրանց օգնել: Մի ուրիշ անգամ կխոսենք։ Քրիստոս հարյավ, Տեր Հայր:
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Ցտեսություն։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց», բայց դու դեռ արծաթասեր ես, դու դեռ դժվար մարդ ես, քո սիրտը դեռ փակ է։ Դու հարություն չես առել։ Արծաթասիրությունն ու եսասիրությունը դեռ կենդանի են քո մեջ, չեն մահացել։

Նույն բանն ասացի մեկ այլ մարդու, ով եկեղեցի չէր գնում, չէր հավատում Աստծուն։ Բայց ես չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա սրտում: Իսկ, ըստ էության, տեղի է ունենում այն, ինչ ասում է Քրիստոս, որ մաքսավորներն ու մեղավորներն առաջինը կմտնեն դրախտ: Նա ինձ չասաց. «Քրիստոս հարյավ ի մեռելոց», բայց հենց որ լսեց աղքատ ընտանիքի մասին, անմիջապես ինձ 500 եվրո տվեց հետևյալ խոսքերով.
— Վերցրու, Տեր Հայր, ինչ ուզում ես, արա, ում պետք է, տուր։
Ես ասացի նրան․
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Եվ նա պատասխանեց ինձ.
— Տերը ճշմարիտ է: Չգիտեմ՝ ճի՞շտ եմ պատասխանում։
Ինչ-որ մեկը կասի՝ բայց մի՞թե այդպես ճիշտ է։ Ոչ, ճիշտ չէ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», սիրել Տիրոջը, ապրել Տիրոջով և գործնականում ապրել Ավետարանը ձեր կյանքում։
Չեմ ասում, որ ինձ ավելի շատ է դուր գալիս, երբ աթեիստ լինելով՝ մարդն ապրում է քրիստոնյայի նման։ Որովհետև կան աթեիստներ, ոորնք ասում են, որ իրենք աթեիստ են, բայց չեն։ Նրանք իրենց սրտի խորքում ունեն հոգևոր վեհություն, իրական սեր, մարդասիրական զգացմունքներ, լսում են ուրիշի ցավն ու արտասվում, զգայուն սիրտ ունեն, ցավի առաջ նրանց սիրտը փուլ է գալիս․․․

Հոգեշահ Պատմություններ

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի

Աղբյուր՝ https://vk.com/shortstoryforsoul?fbclid=IwAR3FsZEWHZ2tpB950n60unj21dmJTi2uTD2g42SSipKS9QEka_OJnPOakhM