• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Քրիստոնյա լինելն ինձ ոչ օգնում է, ոչ խանգարում, ես այդպես ապրում եմ». ՀԵՀԵՄ-ում թեժ էր

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակում կայացավ «Հանդիպում հանրային դեմքերի հետ» շարքի հերթական հանդիպումը: Հյուրերն էին Արթուր Կարապետյանը և Սաթիկ Հախնազարյանը՝ Պարոնյանի անվ. Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնի հայտնի դերասանական զույգը: Ինչպես միշտ, հանդիպումն սկսվեց աղոթքով:

Հանդիպման թեման էր «Քրիստոնեականն արվեստում և ընտանիքում»: Բազմաթիվ հարցեր ուղղվեցին հյուրերին: Հարցին՝ արդյոք արվեստը մարդուն կրթելու խնդիր ունի, Արթուր Կարապետյանը պատասխանեց. «Մարդը կենդանուց տարբերվում է մտածելու ունակությամբ: Մեր բոլոր դժբախտությունները գալիս են անկրթությունից, նաև այսօրվա վիճակը, որ ունենք մեր երկրում, նույնպես կրթության ցածր մակարդակից է: Անկիրթ հասարակությունը մարդուն կամաց-կամաց մոտեցնում է կենդանական աշխարհի այն շեմին, որտեղ չկա բանականություն: Մարդը մարդու համար դառնում է գազան, մարդը սկսում է մարդուց վախենալ, իսկ էդ վախից ծնվում են շատ մեծ չարիքներ»:

Իր հերթին Սաթիկ Հախնազարյանը նկատեց, որ Աստված մարդուն ընտրության հնարավորություն է տվել, և մենք տարբերվում ենք կենդանական մյուս աշխարհից, որը դարձյալ Աստծու ստեղծածն է, արվեստով և մշակույթով: Եթե չունես մշակույթ, չունես արվեստ, չունես գեղեցիկն ընկալելու կարողություն, տարածք, հարթություն, ուրեմն անկիրթ, վայրի ժողովուրդ ես. «Նույն պատարագը մշակութային դրսևորում է, չէ՞, ամեն կիրակի մենք ի՞նչ ենք անում, մենք երկրպագում ենք Աստծուն, դա կանոնակարգված, մշակված, ծրագրված ձև է չէ՞»:

Արթուր Կարապետյանը համոզված է, որ երբ Աստված ստեղծեց մարդուն, նրա մեջ դրեց նաև գեղեցիկը տեսնելու, ընկալելու և այն հղկելով վերարտադրելու, մյուսներին մատուցելու կարողությունը. արվեստն այդտեղից ծնվեց:

Հարցին՝ ինչու հայկական սերիալներում հերոսը միշտ բացասականը, մերժելին է, և ինչու է հեռուստատեսությամբ այդքան աղբ մատակարարվում, տիկին Սաթենիկը ցավով նկատեց. «Ինչպիսին հասարակությունն է, այդպիսին իր սերիալները և հեռուստատեսությունն են: Այսօր պատվիրատուն դրա համար է վճարում: Նոր ծնված երեխան ի՞նչ է, դատարկ բաժակ է, չէ՞, նրան պետք է լցնես: Ինչ պարունակություն լցրեցիր, վաղն էլ պիտի ըմպես: Հիմա մենք ի՞նչ ենք լցնում մեր երեխաների օրգանիզմ՝ սիթքոմեր: Չգիտեմ, էնքան ենք ծիծաղացել էդ սիթքոմերի վրա, շատ ծիծաղելուց կարող է հանկարծ սիրտներս կանգնի, հասկանու՞մ եք, մենք դադարել ենք մտածել»:

Իսկ թե ինչպիսին պիտի լինի ժամանակակից քրիստոնեական ընտանիքը, Սաթենիկ Հախնազարյանն իր ընտանիքի մասին պատմելով փորձեց տալ այդ  հարցի պատասխանը. «Ինձ համար ընտանիքը երկու հոգու միավորումն է: Անշուշտ եկեղեցում հաղորդությանը առաջինը ամուսինս է մոտենում, բայց ընտանիքում գլխավորի և երկրորդականի դերերը ես չեմ ընդունում, չեմ հասկանում: Այսինքն՝ ընտանիքում երկուսն էլ կարևոր են, եթե ընտանիք է, ուրեմն երկու հոգու միավորում է՝ կին և տղամարդ, ովքեր որ ծնում, մեծացնում են զավակներ։ Եկեղեցում տղամարդը պետք է բաց գլխով լինի, ես՝ գլխաշորով, ես դա ընկալում եմ, ընդունում եմ, ընտանիքում ինձ համար գոյություն ունի սեր, երկու հոգու միավորում, ովքեր որ ասել են՝ տեր եմ ու հնազանդ եմ, պահում եմ, պաշտպանում եմ»:

ՀԵՀԵՄ անդամ Անիի հարցին՝ արդյոք Աստվածաշունչն իրենց սեղանի գիրքն է, թատերական զույգը պատասխանեց, որ եթե անգամ ամեն օր չեն հասցնում կարդալ, այն ամեն օր կարմիր թելի պես անցնում է իրենց  միջով:

«Անընդհատ Գրքի հետ ենք, Աստծո հետ ենք, այսինքն էդ կապն Աստծու հետ և՛ Գրքով է, և՛ մտքով , և՛ արարքով: Միշտ չէ, որ տեղ ես գտնում կարդալու կամ տեղ ես գտնում աղոթելու կամ՝ ծնկի իջնելու, երբեմն ուղղակի փողոցում քայլելիս էդ նույն աղոթական վիճակը, էդ նույն երկու բառն են բերում էդ ամենին: Ավելին ասեմ, ճամփորդելու ընթացքում Գիրքը միշտ մեզ հետ է»,-անկեղծացավ տիկին Սաթենիկը:

ՀԵՀԵՄ անդամ Տիգրանուհու հարցադրումը պակաս հետաքրքրական չէր. «Շատերը ձեզ որպես հայտնի արվեստագետների են ճանաչում, իսկ ես ձեզ որպես քրիստոնյաներ գիտեմ: Հիմա ուզում եմ հարցնել, քրիստոնյա լինելը ձեր մասնագիտության մեջ ինչով է օգնում, ինչով՝ խանգարում»:

«Քրիստոնյա լինելն ինձ ո՛չ օգնում է, ո՛չ խանգարում, ես այդպես ապրում եմ»,-թերևս սա ամենակարճ պատասխանն էր, որ կարող էր տալ Գրիգոր Նարեկացի կերպավորած դերասանը, ինչի հետ համակարծիք էր նրա կեսը:

Yandex.Metrica