• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Ես անառակ որդին էի»․ Սիլվեստեր Ստալոնեի դարձի պատմությունը

Կինոաշխարհի մեգաաստղ Սիլվեստր Ստալոնեն միշտ իր սեփական հնարքներն է բանեցրել ֆիլմերում, որոնք երբեմն հանգեցրել են ոսկորների կոտրվածքների և դերասանի հոսպիտալացմանը: Այս իտալացու հավատքն առ Քրիստոս նույնպես վերապրեց բազմաթիվ հարվածներ՝ մինչև վերջապես, հոլիվուդյան  «անառակ որդին» վերադարձավ Տիրոջ մոտ (ինչպես ինքն է ասում):

«Ես մեծացել եմ քրիստոնեական ընտանիքում», — ասել է Ստալոնեն Dove Foundation-ին տված հարցազրույցում: «Ինձ սովորեցրել են հավատալ, և ես փորձում էի հավատալ այնքան, որքան կարող էի, մինչև մի օր հայտնվեցի այսպես կոչված իրական աշխարհում: Դիմացա տարբեր գայթակղությունների ու կորցրի ճանապարհս։ Եվ շատ վատ ընտրություն կատարեցի»:

Ստալոնեի ծնունդը կապված էր որոշ բարդությունների հետ։ մանկաբարձուհին պատահաբար կտրում է նորածնի նյարդը՝ պատճառ դառնալով նրա դեմքի որոշ մասի կաթվածի։ Այդ «վայրի հայացքը» հետագայում դարձավ նրա բեմական կերպարը, ինչպես և` նրա մի փոքր շփոթված խոսքը։

Երբ Ստալոնեն տասը տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Հավանաբար դա է եղել դպրոցում նրա վատ առաջադիմության պատճառը։ 24 տարեկանում նրան վտարեցին տնից և սկսեց գիշերել ավտոկայանում։ Հենց այդ ժամանակ նրան առաջարկեցին նկարվել էրոտիկ ֆիլմում՝ 200 դոլարի դիմաց։

«Ես երկու ընտրություն ունեի՝ կա՛մ նկարահանել այդ ֆիլմում, կա՛մ գնալ ինչ-որ մեկին թալանելու», — հիշում է Ստալոնեն: -«Ես հուսահատ, շատ հուսահատ վիճակում էի»։

1976 թվականին «Ռոքի» ֆիլմը նրան մեծ հաջողություն բերեց։ Այդ ֆիլմը երեք «Օսկար» է ստացել։ «Ձախողակ բռնցքամարտիկը» դարձավ ամերիկացիների կուռքը։

Հանկարծակի համբավն ու հարստությունը նրան տարան մի ամբողջ շարք նոր գայթակղությունների:

«Հանկարծ դուք ստացաք հեքիաթների թագավորության բանալիները, և շատ գայթակղություններ եկան։ Եվ ես սկսեցի հավատալ իմ փառքին»,- ասել է Ստալոնեն Փիթ Ռոբերթսոնին տված հարցազրույցում։ -«Անկասկած, այն ժամանակ ես կորցրի ճանապարհս։ Ես դա ընդունում եմ»:

Ստալոնեն երկու անգամ ամուսնալուծվել է։

Իր իսկ խոսքերով, իր կյանքը 12 տարի անկում ապրեց, մինչև վերջապես ունեցավ «անառակ որդու հոգևոր ապրումը» և վերադարձավ իր մանկության հավատքին:

«Վերջապես հասկացա, որ պետք է կանգ առնել», — վկայում է Ստալոնեն: -«Դուք պետք է վերադառնաք ամենակարևորին՝ դադարեք ինքներդ կառավարել ձեր կյանքը և թույլ տվեք Աստծուն դա անել»:

Չնայած հոլիվուդյան միջավայրին, որը հակադրվում է քրիստոնեությանը, Ստալոնեն համարձակորեն խոսում է Քրիստոսի հանդեպ իր հավատքի մասին։ Մեծ խանդավառությամբ է խոսում եկեղեցի գնալու մասին:

«Որքան շատ եմ գնում եկեղեցի, այնքան ավելի համաքայլ եմ ընթանում Հիսուսի հետ»,- ասել է Ստալոնեն «Focus on the Family»-ին տված հարցազրույցում։ – «Եկեղեցին հոգու մարզասրահ է։ Դուք չեք կարող մարզվել ինքնուրույն: Պետք է ինչ-որ տեղ գիտելիք և փորձ ձեռք բերել, ինչ-որ մեկի առաջնորդությունն է պետք»։

Մինչ Ստալոնեն նկարահանում էր Rocky 4-ը, նրա խաղընկերը (ռուս բռնցքամարտիկի դերում) այնքան ուժեղ հարվածեց նրան, որ Ստալոնեն չորս օրով հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։

«Իսկական հիմարություն էր» – խոստովանել է դերասանը։

Այդ վնասվածքները նույնպես փոխաբերական իմաստ ունեն: Քրիստոսին թողնելով՝ կյանքից հարվածներ ենք ստանում, և դրանք մեզ հուշում են մտածել ամենակարևոր բաների մասին։ Եվ մենք վերադառնում ենք Նրա մոտ: Կարծում ենք՝ Ստալոնեն կհամաձայներ սրա հետ։

 

թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի