(Պատմվածք)

 

-Մայրի՛կ։
-Ի՞նչ է, տղաս։
-Դու արդեն աղոթե՞լ ես։
-Ինչու՞ ես հարցնում։
-Մայրիկ, պառկիր կողքս, ես տխուր եմ։
-Պավլուշա, մի՛ խորամանկիր, էլի վախեցա՞ծ ես։
-Վախեցած եմ։
-Ախր ինչու՞, տղաս, ես քեզ մոտ եմ։ Ահա դուռը բաց է, դու ինձ տեսնում ես։
-Մայրիկ, պառկիր, հա՞։
-Պավլուշա, որդյակ իմ, ե՞րբ ես դադարելու վախենալ։ Դու ասում էիր՝ քահանա կդառնաս։ Հանգուցյալներին ինչպե՞ս ես հոգեհանգիստ կատարելու։ Ես հո հետդ չե՞մ գալու։։
-Բայց տեր հոր հետ միշտ երգչախումբ է գնում։
-Ես արդեն մեռած կլինեմ, Պաշա, երբ դու տեր հայր դառնաս։
-Մայրիկ, պառկիր, հա՞։ Մա…
-Պավլուշա, իմ կրակ ու պատիժ, իմ քնքուշ ծաղիկ։ Տեղ բաց կողքդ, դե շուտ քնիր, թե չէ՝ արդուկս մնաց։

Հայր Պավելը ծառայում էր որպես հաստիքային քահանա Վոլգայի մարզի մի փոքրիկ քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցում։ Նա ճեմարանում չէր սովորել, քանի որ իր ձեռնադրության ժամանակ ճեմարաններ չկային։ Ապրում էր միայնակ՝ քաղաքի ծայրին գտնվող իրենց փոքրիկ տանը։ Մոր մահից հետո նա պոկ չեկավ գյուղի եկեղեցուց, ուր մոր հետ միասին էին գնում։ Միայնակ մնալու առաջին շրջանում նա պարզապես գալիս էր ու լուռ նստում եկեղեցում, սրբապատկերների դիմաց։ Որոշ ժամանակ անց տեր հայրն ասաց նրան.
— Ինչի՞ ես անգործ նստել, արի, օգնիր, մի բանի ձեռք գցիր…
-Ի՞նչ պետք է անեմ։
-Գնա բակը ավլիր, ջուր բեր, հետո գնա ճաշարան ճաշելու։

Այսպես Պաշկան դարձավ եկեղեցու աշխատող։ Սկզբում՝ տնտեսական գծով։ Հետո տեր հայրը նրան վերցրեց խորանի վրա օգնական։ Ապա դարձավ կարդացող։ Որոշեցին ձեռնադրել սարկավագ. ձայնը հզոր չէր, բայց համաչափ էր, աղոթական, նոտաները լսում էր։ Բայց մի խնդիր կար. պետք է ամուսնացնեին ձեռնադրելուց առաջ։ Բայց նա ամաչում էր աղջիկներից, ուղղակի փախչում էր նրանցից։ Այնպիսի ծայրահեղ ամաչկոտություն կար նրա մեջ, կարծես ամոթից ուշաթափվեր։ Ոչինչ չկարողացան անել։ Ձեռնադրեցին ամուրի։ Ոչ կուսակրոն էր, ոչ էլ ամուսնացյալ քահանա։

Հայր Պավելը իր մենությունը նվիրեց եկեղեցուն։ Տանը միայն գիշերում էր, եւ այն էլ՝ ոչ միշտ։ Հաճախ ուղղակի ժամկոչի հին բազմոցին էր պառկում։ Պառկում էր մթության մեջ, դուռը դեպի խորան կրնկի վրա բաց էր, սեղանի վրա վառվող աշտանակն էր։ Եվ թվում էր, թե մայրը, մանկության տարիների պես, կանգնած էր կողքին՝ երեկոյան աղոթքներ մրմնջալով։
Նա ընտելացավ մենությանը, դադարեց վախենալ, նույնիսկ սիրեց այդ մթությունն ու լռությունը։ Հանգուցյալներից էլ չէր վախենում։ Ամեն ինչ ինքն իրեն անցավ։ Մնաց միայն ծայրահեղ ամոթխածությունն ու մարդկային կոպտության հանդեպ վախը։ Կոնֆլիկտներում նա հանձնվում էր, կորցնում էր ինքնատիրապետումը, չէր կարողանում պատասխանել։ Հավատացյալները սիրում էին նրան իր բարեսրտության ու ոչ ոքի չմերժելու համար։ Ծեսից հետո ամբողջ օրը նրան տարբեր ուղղություններով էին «քարշ տալիս»՝ յուրաքանչյուրն իր պահանջներով։ Եվ ինչպես երիտասարդ ժամանակ, այնպես էլ՝ տարեց, Հայր Պավելը շարունակ վազում էր իր հնամաշ պայուսակով՝ շնչասպառ, ծանր շնչելով։

Այսպես Հայր Պավելը վազեց իր կյանքը՝ իր և եկեղեցական իշխանությունների համար աննկատ։ Երբեք եկեղեցու գլխավոր հովիվ չեղավ, միշտ «երկրորդ», «երրորդ»։ 45 տարվա ծառայության ընթացքում հիշեցին՝ պարգևատրեցին զարդարուն խաչով, իսկ նա ամոթից քիչ մնաց ուշաթափվեր։
«Այդքան գեղեցիկ բանը ի՞նչ գործ ունի ինձ հետ։ Թանկ է, անշուշտ։ Ավելի լավ է մնա սեղանի վրա, ես էլ՝ իմ հնով, ինձ այդպես ավելի հարմար է»,-մտքում որոշեց նա։
Հայր Պավելը վերապրեց ութ առաջնորդի։ Բոլորը ծիծաղում էին նրա վրա, իրենց պարտականությունները վրան գցում։ Իսկ նա, կարող էր և վիրավորվել, բայց արի տես, որ մտքով չէր անցնում։

Ներկայիս առաջնորդը՝ Հայր Ալեքսանդրը, կրթված էր, ակադեմիական գիտելիքներով, ինտելեգենտ։ Միայն թե շատ երիտասարդ էր։ Սկզբում ծիծաղում էր ծերունու ոչ ճկուն լինելու վրա, որ ծառայում էր ոչ այնպես, ինչպես պետք էր, և պահում էր իրեն գյուղացու պես։ Աստված վկա, իսկ քարոզները… դրանք քարոզներ չէին, այլ ինչ-որ անհասկանալի ֆոլկլոր։
-Հայր Պավել, դուք երբևէ լսե՞լ եք հոմիլետիկայի՝ քարոզխոսության գիտության մասին։ Պետք է նախադասություններ կազմել կարողանալ, և այնպես, որ մտքի թելն անցնի ողջ բովանդակության միջով։ Իսկ դուք առանձին արտահայտություններ եք հնչեցնում, մտքներիդ ինչ փչի։ Երեկոյից պատրաստվեք, կարդացեք ինչ-որ բան։
-Ես երեկոյան տուն հասնելուն պես անմիջապես պառկում եմ քնելու։ Ախր ես անուս եմ, Տեր հայր, ներեցեք ինձ։ Մի բարկացեք ի սեր Քրիստոսի։ Չուղարկեք ինձ քարոզելու, ես ավելի լավ է օգնեմ խորանի վրա։
-Իսկ ես կարծում եմ՝ Դուք ծույլ եք, Հայր Պավել, աշխատե՛ք ինքներդ Ձեզ վրա։ Եվ Ձեր մեջ անտարբերություն կա։ 45 տարի ծառայում եք, բայց դեռևս շատ բառեր չեք կարողանում առանց սխալի արտաբերել։
-Ներեցեք ինձ, տեր հայր, ես շատ ցավում եմ, որ ձեզ այդքան վրդովեցնում եմ, բայց չարությամբ չեմ անում, ներեցեք։ Իսկ հիմա թույլ կտա՞ք վազել, Մարիան՝ երգչախմբից խնդրել է՝ հիվանդ մորը լուսավորեմ, նաև մի հոգեհանգիստ և մի տնօրհնեք ունեմ։
-Լուսավորե՞լ։ Լուսավորել կարելի է մոմով՝ մահճակալի տակ։ Հայր Պավել, հեռացի՛ր աչքերիցս, դու փորձություն ես ինձ համար։ Գնա՛, լուսավորիր քո պառավներին, լույսը պատուհանին է։ Նրանք արդեն 8 անգամ լուսավորել են իրենց խրճիթները։ Նրանց պետք չէ լուսավորել, արդեն ինչ-որ մրցույթ լինի ասես՝ ով ավելին կլուսավորի, իսկ Դուք նրանց խրախուսում եք, կրոնական մոլորություններ եք հրահրում։ Ասացեք խնդրեմ, չեք կարողանում մերժել։ Ես Ձեզ ասել եմ, որ օծում են մեկ անգամ՝ մեկ հիվանդությունից։ Նրանք ավելի հաճախ օծվում են, քան հաղորդվում։ Եվ Դուք մասնակիցն եք դրա։
-Տեր հայր, կարո՞ղ եմ վազել։
-Վազի՛ր։ Ոտքերդ հազիվ ես քարշ տալիս, բայց դեռ «վազեմ»։

Այսպես էլ ապրում էին։ Եկեղեցու երիտասարդ հոգևոր հովիվը, չնայած որ ամեն առիթով բարկանում էր տեր Պավելի վրա, բայց մի կարգին վիճել հետը չէր ստացվում։ Ծերունին չափազանց ոչ կոնֆլիկտային էր, ամոթխածության աստիճան խաղաղ։

Առջևում Սուրբ Հարության տոնն էր, սկսվել էր Չարչարանաց շաբաթը։ Գարնանային թարմ, խոնավ օդի մեջ արդեն աննկատ Սուրբ Հարության բույրն էր բուրում։ Ավագ Ուրբաթ առավոտյան եկեղեցու հոգևոր հովիվը մտահոգված էր եկեղեցու և Տիրոջ Գերեզմանի պատրաստությամբ։ Երգչախումբը փորձ էր անում, եկեղեցու աշխատողները մաքրում էին աշտանակները, լվանում հատակը, փայլեցնում սրբապատկերների ապակիները։
— Գերեզմանը զարդարելու ծաղիկներն ո՞ւր են, արդեն բերե՞լ եք։ Երեցկի՛ն, որտե՞ղ եք։ Ժամը 2-ին պիտի դուրս բերենք։ Ես սպասում եմ, — Հայր Ալեքսանդրը նյարդայնորեն քայլում էր եկեղեցում՝ խոսելով հեռախոսով։
-Տեր հայր, թույլ տվեք դիմել, — հայր Պավելը գրկել էր իր հնամաշ պայուսակը՝ առանց բռնակի, և նայում էր հատակին։
-Ի՞նչ եք ուզում, տեր հայր։ Էլի՞ ինչ որ բան։
-Ես ուզում եմ վազել այստեղից ոչ հեռու, մոմավաճառ Անտոնինայի կնքամոր ամուսնու ոտքին մեծ վերք է հայտնվել։ Հենց Ավագ Շաբաթվա նախօրեին։ Նրանք խնդրել են ինձ գալ։ Ամուսինը եկեղեցական չէ, բայց լավ մարդ է, ամբողջ կյանքում դեպոյում էր, մեզ մոտ։ Տառապում է, բայց լավ մարդ է, ճիշտ է, եկեղեցի չի գնում, բայց հիմա համաձայնել է։ Ես ուզում էի վազել իր մոտ։ Գերեզմանը դուրս բերելուց առաջ վերադարձած կլինեմ։ Թույլ տվեք, տեր հայր, վազել Պյոտրի մոտ՝ դեպոյի մեր ջրմուղագործի… «վերք» է հայտնվել… ես արագ…
-Տրա-տա-տա-տա-տա։ Դուք ի՞նչ եք այստեղ ճռվողում։ Ես Ձեր ձեռքը կխելագարվեմ։ Մոմավաճառ Անտոնինայի կնքամոր ամուսինը… Դուք ինձ այստեղ տոհմածառ ե՞ք ներկայացնում։ Երեխաներ ու թոռներ էլ կցեք։ Ես արդեն հասկացա, որ Դուք դարձյալ ինչ-որ տեղ վազելու եք, վազելը Ձեզ դուր է գալիս։ Այսօր Ավագ Ուրբաթ է, հիշու՞մ եք, հայր Պավել։ Գերեզմանի դուրս բերումը ժամը 2-ին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Մի՞թե սա Ձեզ համար իրադարձություն չէ։
-Ես կվերադառնամ, դեռ 3 ժամ կա մինչև երկուսը։ Ես արագ՝ այնտեղ և հետ։ Թույլ տվեք վազել Պյոտրի մոտ, դեպոյի մեր ջրմուղագործի… «վերք» է հայտնվել… ես արագ…
-Վազի՛ր, Պավել, Պյոտրի մոտ, վազի՛ր, բայց եթե չվերադառնաս Գերեզմանը տանելուց առաջ, ես քո մասին զեկուցագիր կգրեմ եպիսկոպոսին, և դու, մեր սիրելի վազորդ, կվազես արդեն հանգստյան արձակուրդի։ Այնտեղ կվազես ուր ցանկանաս, ուր աչքդ կտրի։ Ես քեզ վրա հույս դնել չեմ կարող, դու միշտ ինչ-որ տեղ ես վազում։ Վազի՛ր, վազորդ, ժամանակը գնաց։

Հայր Պավելը վերադառնում էր պարտքը կատարածի հաճելի զգացողությամբ։ Նա ամեն ինչ հասցրեց ժամանակին անել՝ և՛ թեթևացնել հիվանդ մարդու տառապանքները, և՛ իր սիրով ու պարզությամբ ուղղել նրա սիրտը դեպի կյանքի իմաստի, Աստծո մասին մտածելը։ Նրա մոտ այդ ամենը ասես ինքնիրեն էր ստացվում։ Կարծես թե ոչ մի գերբնական բան չէր ասում, ամեն ինչ պարզ էր, բայց ինչ-որ կերպ համոզում էր, կարծես, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ջերմացած սիրտն ինքն իրեն դառնում էր, հնազանդ, հլու։ Հայր Պավելը կարող էր ջերմացնել սրտերը նույնիսկ առանց բառերի։ Նա պարզապես սիրում էր մարդուն անկեղծորեն, նույնիսկ նրան, ում առաջին անգամն էր տեսնում կյանքում։ Ինչու՞ էր սիրում։ Ինչի՞ համար։ Նա ինքն էլ չգիտեր։ Պարզապես սիրում էր և վերջ։ Առանց մտածելու։
Հիվանդ Պյոտրը՝ մոմավաճառ Անտոնինայի կնքամոր ամուսինը, խոստացել էր եկեղեցի այցելել Սուրբ Հարության տոնին, եթե որդին մեքենայով տաներ իրեն։ Հայր Պավելը վազում էր կարճ ճանապարհով՝ հետին բակերով, դաշտով՝ գերեզմանատան կողքով, որպեսզի հասներ Տիրոջ գերեզմանի արարողությանը։ Գերեզմանատան կողքով անցնելիս հայր Պավելը, շնչասպառ սկսեց մերթ աղոթել, մերթ խոսել հանգուցյալների հետ՝ ինչպես կենդանի մարդկանց.
-Բարի օր, հանգուցյալնե՛ր։ Շնորհավոր ձեր գարունը, իմ սիրելինե՛ր, Տիրոջ Ավագ Շաբաթը։ Անշուշտ, սպասում եք Քրիստոսին, թե երբ նա կգա և կազատի ձեզ մահվան գերությունից։ Նա արդեն գնում է մորթվելու, անարգվելու, խաչը բարձրանալու, որպեսզի մեռնի ձեզ նման և իջնի ձեզ հետ դժոխք։ Այնտեղ նա կգրկի ձեզ բոլորիդ իր ծակված ձեռքերով, բոլորիդ կսեղմի իր կրծքին և կասի սատանային. «Ես վերցնում եմ նրանց բոլորին, նրանք քոնը չեն»։
Եվ կվերցնի ձեզ բոլորիդ դրախտ, Իր մոտ։ Այնտեղ, ուր չկա ո՛չ հիվանդություն, ո՛չ տխրություն, ո՛չ ցավ, այլ՝ ուրախ կյանք։ Լուսավոր, լավ կյանք կա այնտեղ, իմ սիրելինե՛ր։ Շատ լավ։ Սպասեք, իմ լավե՛ր, մի փոքր էլ, ես հիմա կվազեմ Գերեզմանը տանելու և կպատմեմ ձեր մասին խաչյալ Քրիստոսին։ Ես վազում եմ, Հայր Ալեքսանդր, արդեն շուտով կլինեմ, սիրելի առաջնորդ եղբայր իմ։

Հայր Պավելը վազելով հասավ գերեզմանատան մոտի բացատին և կանգ առավ։
-Օհո՛, տերտեր, — նրան հառած նայում էին մի խումբ երիտասարդների հարբած աչքերը, որոնք ձանձրույթից ծուլորեն մեկնվել էին արևի տակ տաքացած անցյալ տարվա խոտի վրա։ Ցելոֆանե տոպրակի վրա բացած պահածոյի տուփն էր, կտրատած հացը, միանգամյա օգտագործման բաժակները և երկու դատարկ օղու շիշ։ Ալկոհոլը վերջացել էր, բայց ուրախությունն այդպես էլ չէր գալիս։ Կիսահարբած տղաները ձանձրույթից չարացած էին։
-Վա՛յ, տերտեր, տերտեր։ Դու որտեղի՞ց հայտնվեցիր, կարծես գետնի տակից։ Գերեզմա՞նից դուրս եկար։
Հայր Պավելը, տեսնելով հարբած տղաներին, փորձեց անմիջապես հեռանալ։
-Դու այդ ու՞ր ես, ժողովրդի ծառա, փախչում ժողովրդից։
-Տերտեր, մարդկանցի՞ց ես փախչում։ Մեզ չե՞ս սիրում, ինչ է։
-Թերևս նա մեզ քահանայական կագոր գինի՞ է բերել հաղորդվելու համար։
Հայր Պավելի պայուսակում իսկապես կագորի շիշ կար։ Մոմավաճառի ամուսինը այն եկեղեցուն էր նվիրել Սուրբ Հարության Պատարագի համար և թերթիկ էր լրացրել իր և հիվանդ Պյոտրի անունով։
-Ի՞նչ է, ա՛յ տերտեր, իրո՞ք, բերել ես, որ մեր հոգիները տաքացնե՞ս։ Ի՞նչ ես լռում, խոսի՛ր։
Հայր Պավելը շփոթվեց անսպասելիությունից և կոպտությունից։ Նա կանգնել էր՝ հնամաշ պայուսակը կրծքին սեղմած, և չէր շնչում։
-Տո՛ւր այստեղ, նայեմ։ Քահանաներն անբաժան են կագորից։
Տղան կոպտությամբ խլեց հնամաշ պայուսակը քահանայի ձեռքից։
— Տղերք, նա իսկապես մեզ համար կագոր է բերել։ Վա՛յ, հրաշագործ։ Դու որտեղի՞ց իմացար, որ մերը պրծել է, սիրունի՛կս։
-Տղանե՛ր, եթե ցանկանում եք, վերցրեք գինին, միայն թե պայուսակը տվեք։
-«Տղանե՜ր»։ Հա՞։ Սա նա ում՞ է ասում։ Մե՞զ, տղե՛րք։ «Տղանե՜ր, եթե ցանկանում եք, վերցրեք», ըհը, արդեն վերցրել ենք։ Ա՛ռ պայուսակդ ու չքվի՛ր էստեղից։
Տղան կոպտությամբ մեկնեց բաց պայուսակը Հայր Պավելին։
Տեր հայրը պայուսակը սեղմեց կրծքին, շրջվեց, որ հեռանա, բայց գնաց սխալ ուղղությամբ։ Կանգ առավ, նորից շրջվեց, գնաց պահանջվող ուղղությամբ։
-Այ տերտեր, ի՞նչ ես պտտվում։ Նա հարբած է։ Տեր հայր, դու ինչ է, հարբա՞ծ ես։ Լսի՛ր, արի այստեղ մեզ հետ նստիր, հարբած զրույց անենք։ Դուք տերտերներդ խոսալու վարպետ եք։ Նստի՛ր, ասացի այստեղ։ Արի՛, քեզ ասում եմ։
-Տղանե՛ր, ես պետք է գնամ։ Ես պետք է հասնեմ Գերեզմանը տանելուն։
-Ի՞նչ տանելու։
-Այսօր Ավագ Ուրբաթ է։ Այսօր Քրիստոսին խաչեցին, հետո խաչից իջեցրին, սավանով փաթաթեցին, հետո թաղեցին։ Ես պետք է վազեմ, տղանե՛ր։ Ես գնամ, իսկ դուք հանգստացեք այստեղ։ Ես գնամ, լա՞վ։
-Ոչ մի տեղ էլ չես գնա։ Մեզ արդեն հետաքրքիր է, թե ինչ է եղել ուրբաթ օրը։
-Քրիստոսին քահանայապետերը մատնեցին և խաչեցին։
-Ո՞վքեր են այդ քահանայապետերը։
-Դա հրեա քահանաներն էին։
-Ի՞նչ, լու՞րջ։ Վա՛յ, տերտերներ, ոնց երկու հազար տարի առաջ էիք, էնպես էլ հիմա եք, տականքներ։
-Դուք ինչի՞ Քրիստոսին մատնեցիք։ Նա ի՞նչ էր ձեզ արել։ Հիվանդներին բուժում էր, աղքատներին կերակրում, բանտ էր գնում։ Իսկ դուք ինչի՞, հը՞։
-Տղանե՛ր, բայց դա հրեա քահանայապետերն էին։ Դա վաղուց էր։
-Այո, վաղուց էր, իսկ դուք հիմա այլ եք, հա՞, դուք լավն եք, ուղղվեցի՞ք, հա՞։
Տղայի աչքերը դարձան չար, բռունցքները սեղմվեցին․
— Ինձ համար դուք ոնց էն ժամանակ էիք, հիմա էլ նույնն եք, նույն սանրի կտավը։ Դուք կեղծավորներ եք։ Տերտե՛ր, ասա՛ ինձ։ Աչքերիս մեջ նայիր։
Տղան հարբած աչքերով նայում էր Հայր Պավելին։ Տեր հայրը աչքերը խոնարհեց։
— Ժողովրդի աչքերի մեջ ամոթ է հա՞ նայելը։ Բայց պետք է։ Պատասխան տալ պետք է։ Էստեղ արի, տեր հայր, մենք քեզ դատելու ենք։
-Տղանե՛ր, ազատեք ինձ, խնդրում եմ, ես պետք է վազեմ։
-Արդարադատությունից չես փախչի։ Կանգնի՛ր այստեղ։ — Տղան բռնեց տեր հոր օձիքից ու քարշ տվեց։ — Արի, տերտեր, ասա, թե ոնց էր սցենարով։ Ինչի՞ համար էին հրեա քահանաներն ատում Քրիստոսին։
Հայր Պավելը հասկացավ, որ չի կարող նրանց ձեռքից պրծնել։ Նա կարծես հաշտվեց իր վիճակի հետ, դադարեց դիմադրել և սկսեց պատասխանել հարցերին․
-Ես մտածում եմ՝ նրանք նախանձում էին Նրան։
-Եվ ինչու էիք Նրան նախանձո՞ւմ։ Ժողովուրդը ձե՞ր հետևից չէր գնում, այլ Նրա՞, հա՞։ Դե, դուք էլ էնպես արեք, ինչպես Նա, ու ձեր հետևից կգան։ Ճիշտ չե՞մ ասում։ Միայն թե այնպես, ինչպես Նա էր, Նրա նման լինելը դժվար է՝ անշահախնդիր, ազնիվ, որ բոլորին սիրի։ Նույնիսկ՝ ավազակներին։ Դե, ինչ, տերտեր, սիրու՞մ ես մեզ։ Ո՞չ։ Դե ասա է։
Հայր Պավելը բարձրացրեց աչքերը հարբած տղաների վրա.
-Ինչպե՞ս չսիրեմ, դուք լավ տղաներ եք, պարզապես խմել եք։
-Լավն ե՞նք։ Իսկ եթե վատը լինեի՞նք։
-Այսի՞նքն։
-Հենց էդպես։ Սիրու՞մ ես ինձ, իսկ եթե հիմա մռթիդ տա՞մ։ Դու էլի՞ էյդպես ինձ կսիրես։ Լավ, ինչո՞ւ ես լռում։ Քրիստոսի պես լինելը դժվար է, չէ՞։ Դուք շատախոսության վարպետներ եք, կեղծավորնե՛ր, բայց ինչո՞ւ եք սովորեցնում մի բան, որ ինքներդ չեք անում։ Դուք հիմարացնում եք ծեր կնանոց, որպեսզի նրանք ձեզ իրենց թոշակները տան, բայց դրանք դուք ձեր քահանայական անհատակ փորն եք լցնում։
Հայր Պավելը բարձրացրեց աչքերը և սկսեց շուրջը նայել։
— Ի՞նչ է, տերտեր, մտածում ես՝ ոնց փախչե՞ս։ Ոչ, քո դատն է հիմա։ Դու ասում ես, որ մենք պետք է ապրենք էնպես, ինչպես Քրիստոսն ապրեց։ Դե, ուրեմն գնա մինչև վերջ՝ դատաստան, ստորացում, խաչելություն, իսկ դու շարունակիր մեզ սիրել՝ ասելով՝ Տեր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Էդպես չէ՞, տեր հայր։ Տղե՛րք, քարշ տվեք դրան դեպի այ էն խաչը։
Գերեզմանոցի կենտրոնում կանգնած էր մեծ կաղնեփայտից մի խաչ։ Երիտասարդների բարձրացրած աղմուկը վախեցրեց սև ագռավին, որը երկաթյա ճաղերին նստած հետևում էր անցուդարձին։
— Տղաներ, այդպիսի խաղեր չի կարելի խաղալ, սա կատակ չէ։ — Հայր Պավելը դողալով մերթ մեկին էր նայում, մերթ մյուսին՝ կարեկցանք փնտրելով։
— Ի՞նչ եղավ քեզ, տերտեր։ Ո՞վ է էստեղ խաղում։ Մենք խաղում էինք 10 տարի առաջ, իսկ հիմա օղի ենք խմում, ու ամեն ինչ իրական է։ Աչքիս, չես ջոկում։։ Իսկ ավելի համոզիչ դարձնելու համար ես դա կանեմ էսպես։ – Տղան բռունցքով հարվածեց Հայր Պավելի դեմքին։ Լույսի մի շող բռնկվեց, ապա՝ խավար, աղմուկ, ձայներ հեռվում։
Հայր Պավելը բացեց աչքերը։ Խոտի վրայով մի փոքրիկ շեկ մրջյուն էր գնում ծերունու աչքերի առաջ։ Հարբած տղաները բացեցին կագորի գինին, խմեցին շշից և խելագարի պես քրքջացին՝ սարսափելի, կենդանական ձևով։
— Դու դեռ չե՞ս մեռել, հրեաների թագավոր։ Դե, վեր կաց, արի։ Հայր Պավելին բարձրացրին, մորուքի մեջ խճճված չոր խոտ էր՝ արյունով ներծծված։ Սկիհն ընկավ, և գարնանային քամին խառնեց ճերմակ մազերը։
— Դե, ի՞նչ, տերտեր, հիմա զղջա։
— Ինչի՞ համար։
— Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Որքա՞ն արժի օփիումը ժողովրդի համար։ Սրիկա՛։ Դուք՝ եկեղեցականներդ, ապրում եք ուրիշների դժբախտության հաշվին։ Սովորեցնում եք նրանց իրենց փողը եկեղեցի բերել, իսկ հետո էդ փողով ճարպոտում եք։ Մերսեդես եք քշում, թաղվում եք ոսկու մեջ, խժռում եք մինչև շունչներդ փչելը։ Ի՞նչ ես աչքերդ չռել վրաս։։ Էլի ե՞ս ուզում, անամոթ մռութ։ – տղան տեղում ճոճվեց, Հայր Պավելը փակեց աչքերը և դողաց։
— Վախենո՞ւմ ես, տերտեր։
— Վախենում եմ, որդի՛ս։ — երեխայի պես անմեղորեն պատասխանեց Հայր Պավելը,- վախենում եմ։
Նա իր թևքով սրբեց մորուքի վրայի արյունը և զարմացած նայեց կտորի վրայի կարմիր շիթին։
— Եվ ի՞նչ կարող ես ասել որպես արդարացում։
-Ոչինչ, որդի՛ս։ Մարդը չի կարող ոչինչ ասել իր արդարանալու համար, եթե Աստված նրան չարդարացնի իր կյանքի արդյունքով։
— Մենք հիմա քո արդյունքն ենք։ Հասկացա՞ր։ Կապե՛ք դրան մետաղալարով այ էն խաչին, տղերք։ Ինքդ կգնա՞ս, թե՞ վզիցդ քարշ տամ։
Հայր Պավելի մեջ ինչ-որ անհասկանալի փոփոխություն էր տեղի ունենում։ Ամբողջ մարմինը լցվեց հաճելի ջերմությամբ, իսկ սրտում խաղաղություն և լռություն էր։ Վախը սկսեց մարել և նահանջել երկրորդ պլան։
-Ես ինքս, ինքս։
Նա կանգնեց՝ մեջքը խաչին հենած և ձեռքերը տարածեց։
— Ինչի՞ էդպես հպարտացար, հաղթողի պես։ Ավելի ամուր պտտեք լարը, տղե՛րք, որ զգա, թե ոնց են խաչին գամում։ Լարը խրվեց դաստակների մեջ, մաշկը այտուցվեց, իսկ մատները կապտեցին։
— Այ էդպես, տերտեր, դե ասա՝ հիմա է՞լ ես սիրում մեզ։

— Մայրի՛կ, Քրիստոսը վախենու՞մ էր, երբ Նրան խաչում էին։
— Սարսափելի էր, որդի՛ս, որովհետև այնտեղ ամեն ինչ իրական էր, շատ սարսափելի։
— Ինչպե՞ս դիմացավ, մայրի՛կ։ Ես չէի դիմանա։ Ես կվախենայի։
— Այդպես էլ կար, Նա դիմացավ դրան, և դա Նրա համար սարսափելի էր ու շատ ցավոտ։ Գրեթե անտանելի՝ այնքան, որ Նա նույնիսկ աղաղակեց. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»։
-Սիրտս ցավում է Նրա Մոր համար՝ արտասվելու աստիճան։ Բայց ես չէի կարող։

— Լսի, այ տեր հայր, էս ո՞նց ա որ աչքերդ չես թաքցնում։ Գետնին էիր նայում, ի՞նչ պատահեց քեզ, որ հիմա վերև ես նայում։ Էլ վախ չունե՞ս։։ Հիմա դանակով ականջդ կկտրեմ։ Դու չես վախենում, չէ՞։
Հայր Պավելը նայեց հորիզոնից այն կողմ ինչ-որ տեղ, նա այստեղ չէր։ Ամեն ինչ, որ տեղի էր ունենում, կարծես ուրիշի հետ լիներ, ինչպես ֆիլմում։ Նա նայում էր սևեռուն, անթարթ, կենտրոնացած։ Ապա, կարծես, միտքը վերադարձավ երկիր, նա անտարբեր նայեց խաչին կապված ձեռքերին,նայեց բացատում գտնվող տղաներին՝ մեկը մյուսի հետևից, և սրտաճմլիկ ձայնով ասաց. «Տե՛ր իմ, Տե՛ր իմ»։ – նրա աչքերը խոնավացան, և արցունքները հոսում էին ծեր այտերից, – «Ամենաքաղցր Տեր Հիսուս…»։
— Ի՞նչ ես լացում, տեր հայր։ Վախենու՞մ ես։ Ցավոտ է՞։
-Հուզմունքից։ Որովհետև մեռնում եմ իմ Քրիստոսի պես։ Ի՜նչ պատիվ է։ Տեր, ես անարժան եմ, ես մեղավոր եմ։ Աստված իմ։
Տղան զայրույթից խելագարվեց.
— Ինչպես Քրիստո՞սը, ասում ես։ Դու էդ պատվին չես արժանանա։ Կմեռնես այլ կերպ։
Նա ճոճվեց և կատաղած դանակահարեց ծերունու աջ կողը՝ կողոսկրի տակ։

«Հռոմեացի զինվորներից մեկը նիզակով խոցեց Նրա կողը, և այնտեղից անմիջապես արյուն և ջուր հոսեց» /Հովհ. 19.34/։
Հայր Պավելը գոռաց, գլուխը ընկավ կրծքին, մարմինը կախվեց մետաղալարով կապված ձեռքերի վրա։
Ինչ-որ տեղ հեռվում որոտաց առաջին գարնանային ամպրոպը։ Անսովոր խոշոր կաթիլներ թափվեցին գետնին։ Ավելի ու ավելի հարթեցնելով ճերմակ մազերը և մորուքով հոսելով կրծքավանդակի վրա՝ հասան գետնին՝ վառ կարմիր կաթիլներով։ Խաչի աջ կողմում կանգնած էր Հայր Պավելի հանգուցյալ մայրը՝ սպիտակ գլխաշորով։ Նա ժպտալով ինչ-որ բան ասաց որդուն։ Նա խոսում էր, խոսում և ժպտում նրան, ինչպես մանկության տարիներին։

Ավագ Ուրբաթի պատարագն էր ավարտվում եկեղեցում։ Ծաղիկներով զարդարված գերեզմանը դրված էր եկեղեցու կենտրոնում գտնվող սեղանի վրա։ Մարդիկ դեռ գալիս էին խոնարհվելու։
— Հայր Ալեքսանդր, այդքան մի նեղվեք։ Ո՞ւր պիտի գնացած լինի, կգա, – տարեց խմբավարը մխիթարում էր տեր հորը։ — Զգույշ եղեք ինքներդ Ձեր հանդեպ, մի՛ նեղվեք, սարսափելի տեսք ունեք։
— Մարգարիտա Պետրովնա, այսօր Ավագ Ուրբաթ է, Տիրոջ գերեզմանի կարգի օրը։ ի դեպ, Պատարագը վերջացել է, իսկ նա չի հետաքրքրվում մեր ընդհանուր եկեղեցական գործերով։ Նա միայն իր անձնական գործերն ունի։ Դա էգոիզմ է, հասկանու՞մ եք, էգոիզմ։ Ես դա երբեք չեմ հասկանա։ Բավական է, այլևս ուժ չունեմ։
Դուռը աղմուկով բացվեց, և մի անծանոթ տղեկ գլուխը կորցրած ներս ընկավ։ Շնչահեղձ լինելով՝ նա սկսեց դռան մոտից գոռալ.
— Այնտեղ՝ գերեզմանատանը… Ես շան հետ զբոսնում էի… մենք երկուսով գերեզմանատանն էինք… խաչը այնտեղ է, և նա մենակ կախված է խաչի վրա… Մենք զբոսնում էինք գերեզմանատանը, իսկ նա մենակ կախված է խաչից։
— Ի՞նչ ես բարբաջում։ Ո՞վ է այնտեղ կախված։ Այլևս ուժ չունեմ։ Ի՞նչ ես գոռում։ — Հայր Ալեքսանդրը բռնեց տղայի ուսերից և սկսեց նյարդային հիստերիայի մեջ ընկած թափահարել նրան — ո՞վ է այնտեղ կախված: Ժամ-ժամի վրա ուժերս սպառվում են։
— Այո՛, ձեր ծեր քահանան կախված է, սպանված խաչի վրա, ասում եմ ձեզ… մենք այնտեղ զբոսնում էինք, և նա կախված է մեն-մենակ, ուրիշ ոչ ոք չկա։ Ես անմիջապես վազեցի այստեղ։

Մեռելային լռություն իջավ տաճարի վրա։ Հայր Ալեքսանդրը մի քանի վայրկյան անշարժացած մնաց, ասես շանթահար լիներ։ Հետո վազեց դեպի խորանը, կանգ առավ, շրջվեց դեպի մուտքը և աղմկոտ դուրս վազեց եկեղեցուց։ Դուռը շրխկաց և, կարծես, արթնացրեց եկեղեցում կանգնած մնացած մարդկանց։ Մարդիկ վազեցին դեպի գերեզմանատուն։

Կաղնեփայտից խաչի մոտ կանգնած էր Հայր Ալեքսանդրը։ Նա նայում էր Հայր Պավելին, իր սիրելի եղբորը, որին ընդամենը 15 րոպե առաջ պատրաստ էր բարկությունից պատառոտել, իսկ հիմա այդքան սիրում էր նրան։ Քահանան ծնկի իջավ՝ շշնջալով՝ «Կատարվեցավ», գլուխը ձեռքերի մեջ առավ և դառնորեն լաց եղավ։
Գարնանային սառը անձրևը հարվածում էր նրա մեջքին։ Հայր Ալեքսանդրը ծնկի իջած կանգնած էր ջրափոսի մեջ՝ ոչինչ չհասկանալով կամ չզգալով։ Մարդիկ Հայր Պավելին իջեցրին խաչից և դրեցին նրա վերարկուի վրա։ Մեկն ասաց, որ պետք է սպասել ոստիկանությանը և ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես որ կա։ Խմբավար Մարգարիտա Պետրովնան խելագարի պես քայլում էր մեկ մարդուց մյուսը և ասում.
— Մենք պետք է շտապենք, մենք չենք կարող նրան թաղել Զատիկին. դա մեծ տոն է։ Դուք չեք կարող նրան թաղել, ուստի պետք է շտապենք։ Մենք պետք է ժամանակ ունենանք վաղվա հուղարկավորության համար։
Այս խոսքերը հայր Ալեքսանդրին դուրս բերեցին իր թմրությունից։
— Ասում եք՝ Զատիկ է, տոն է, չենք կարող թաղել։ Հրեաները չէին կարող դա անել, մենք ամեն ինչ այլ կերպ ենք անում։ Մենք նրան կթաղենք Զատկին։ Սա այն է, ինչ ես կասեմ ձեզ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր։ Զատկին։

Մթնշաղին եկեղեցում միայն լամպերն էին վառվում։ Այնտեղ այնքան շատ մարդ կար, որ անհնար էր անցնել նրանց միջով, բայց գերեզմանային լռություն էր տիրում։ Զանգերը հնչեցին 12 անգամ, և խորանից լսվեց Հայր Ալեքսանդրի միայնակ, ցածր երգեցողությունը. «Քո հարությունը, Քրիստոս մեր Փրկիչ…», -ապա խորանում լույս վառվեց, վարագույրը բացվեց, և քահանան սկսեց ավելի բարձր ու հանդիսավոր երգել։ Երրորդ երգեցողության ժամանակ եկեղեցու բոլոր լույսերը վառվեցին, արքայական դարպասները բացվեցին, քահանան ամբողջ թոքերով երգեց Զատկական շարականը. «Քո հարությունը, Քրիստոս Փրկիչ մեր, հրեշտակները երգում են երկնքում…»:
Եկեղեցու կենտրոնում ժողովուրդը բարձրացրեց կարմիր թավշյա դագաղը, որի մեջ Հայր Պավելի աճյունն էր։ Տղամարդկանց թափորը մոտեցավ ելքին։ Բոլորն ուզում էին անձամբ դագաղը տանել։ Վերևից թվում էր, թե Հայր Պավելը լողում էր մարդկանց բազմության վրայով։
«Քո հարությունը, Քրիստոս Փրկիչ մեր…» — այս սրբազան օրհներգը երբեք այդքան հանդիսավոր և վեհաշուք չէր հնչել այդտեղ։
Մարդկային գետը, ձեռքներում՝ մոմեր, դագաղը երեք անգամ պտտեց եկեղեցու շուրջը և կանգ առավ խորանի մոտ։
Հայր Ալեքսանդրը լավ չի հիշում, թե ինչ տեղի ունեցավ հետո։ Նա հիշում է, թե ինչպես էր գոռում «Քրիստոս հարեավ ի մեռելոց,։- և ինքն իրեն պատասխանում. «Օրհնյալ է հարությունն Քրիստոսի»։

Ապա նա դառնորեն լաց եղավ, բայց ոչ թե հայր Պավելի, այլ իր համար՝ հիշելով, թե որքան կոպիտ և անշնորհք էր վարվել ծերունու հետ։ Եվ կամաց-կամաց հանգստացավ՝ քթի տակ մրմնջալով. «Որքա՜ն լավ է, Տե՛ր, որքա՜ն հանդիսավոր, որքա՜ն ճիշտ է ամեն ինչ, վերջիվերջո, սա այնպիսի՜ պատիվ է։ Քրիստոս հարեավ ի մեռելոց, հայր Պավել, Քրիստոս հարեավ ի մեռելոց»։
Վաղ առավոտյան արևը լուսավորեց եկեղեցու խորանի մոտ դրված թարմ գերեզմանը, որտեղ ուրախ ճնճղուկները կտցահարում էին Զատկական տորթը։ Մահվան զգացողություն չկար, կար լուռ ուրախություն։
Քրիստոսը հարեավ ի մեռելոց։

աուդիո տարբերակը

Վալենտին Բիրյուկով

աղբյուր