Հունիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Ս. Պատարագի ավարտին եկեղեցու երիցատան դահլիճում ուրախ անակնկալ մատուցեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի թատրոնի» դերասաններին:
Երիտասարդներն արևներին դիմավորեցին արև փուչիկներով և ջերմագին շնորհավորանքներով: «Զորավոր» միությունն արև դերասաններին շնորհավորեց՝ օրեր առաջ առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմում՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Բուրատինո» ներկայացման առաջնախաղով հանդես գալու առթիվ: Երիտասարդների կողմից արևների համար պատրաստած հյուրասիրության սեղանի շուրջ ջերմ ու մտերմիկ զրույց ծավալվեց: «Արև- դերասանները» կիսվեցին վերջին ներկայացման հետ կապված իրենց տպավորություններով: Զրույցի ընթացքում արև Մարատը մտահղացավ մի ներկայացման մասին, որի դերակատարները երիտասարդաց միության անդամներն էին: Նա անգամ դերաբաշխում կատարեց՝ մեծ ուրախություն պատճառելով երիտասարդներին:
Հանդիպման ավարտին «Արևի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանն իր, արև երեխաների, նրանց ծնողների և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի անունից շնորհակալություն հայտնեց «Զորավոր» երիտասարդաց միությանը՝ մշտապես արևների կողքին լինելու և ցանկացած հարցում աջակցելու համար:
Նշենք, որ արև երեխաները «Զորավոր» երիտասարդաց միության ուշադրության կենտրոնում են ողջ տարվա ընթացքում: