Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը (ավազանի անունով Վահրամ) ծնվել է 1957թ. դեկտեմբերի 1-ին, Բեյրութում (Լիբանան): Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Քառասնից մանկանց վարժարանում:
- 1970-1975թթ. սովորել է Անթիլիասի դպրեվանքում եւ ավարտել Ժառանգավորաց վարժարանի հնգամայա շրջանը:
- 1976թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան, որի լսարանական բաժինն ավարտել է 1979թ. մայիսին: 1980թ. պաշտպանել է ավարտաճառ` «Վրթանես Քերթող» թեմայով:
- 1978թ. մայիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:
- 1980թ. հունիսի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա. կաթողիկոսի:
- 1980-1983թթ. ուսանել է Լոնդոնում` Օքսֆորդի համալսարանում եւ ստացել բակալավրի աստիճան: Ապա Վեհափառ Հայրապետի հրավերով դասավանդել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
- 1984թ. Վազգեն Ա. կաթողիկոսի Հայրապետական կոնդակով ստացել է վարդապետի աստիճան:
- 1985թ. նշանակվել է Կանադայի Տորոնտո քաղաքի հայության հոգեւոր հովիվ:
- 1986թ. Վազգեն Վեհափառի հայրապետական երկրորդ կոնդակով գովասանքի է արժանացել Հայ Եկեղեցուն մատուցած ծառայության համար: 1988թ. մարդասիրական օգնություն է կազմակերպել Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների համար` դիմելով քույր եկեղեցիներին եւ այլ համայնքներին: Նույն ժամանակաշրջանում շարունակել է կրթությունը եւ ստացել մագիստրոսի աստիճան:
- Երկու տարի անց` 1989թ. Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել է ծայրագույն վարդապետության տասը աստիճաններ:
- 1990թ. մայիսին ընտրվել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդ: Նույն թվականի հոկտեմբերի 7-ին Ս. Էջմիածնի Մայր տաճարում, ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
- 1993թ. Վազգեն Ա. կաթողիկոսի կոնդակով արժանացել է արքության պատվի, իսկ երկու տարի անց վերընտրվել է երկրորդ հնգամյա շրջանի համար` որպես Կանադայի թեմի առաջնորդ:
- 2000թ. առաջնորդությանը համատեղ նշանակվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական գրասենյակի վարիչ-տնօրեն, որի ստեղծման առաջին քայլերն արվել են Վազգեն Ա. Վեհափառի տնօրինությամբ:
- Նույն թվականից Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է:
- 2003թ. մայիսի 3-ին Բըրբենքում (Կալիֆորնիա) հրավիրված 76-րդ թեմական ժողովի պատգամավորների մեծամասնության քվեով ընտրվել է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի 8-րդ թեմակալ առաջնորդ:
- 1984թ. ցայսօր, Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ունի շուրջ 26 հրատարակություններ ու հոդվածներ, կատարել է նաեւ խմբագրական աշխատանքներ: Բացի դրանից 1984թ. սկսյալ Եկեղեցիների Միջին Արեւելյան խորհրդի անդամ է եւ Եկեղեցիների Կանադայի խորհրդի գործադիր անդամ:
- Բացի Հայ Եկեղեցուց, Հովնան սրբազանն իր ծառայության ընթացքում արժանացել է այլ երկրների պարգեւների: 1992թ. Կանադայի Դաշնության 125-ամյակի առթիվ Կանադայի Ֆեդերալ կառավարությունը նրան պարգեւատրել է մեդալով: 1994թ. Կանադայի Դաշնության կողմից նրան շնորհվել է պատվավոր քաղաքացիություն:
- 1996թ. Հայաստանի դեսպան Գառնիկ Նանագուլյանի ջանքերով եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ ստացել է Հայաստանի քաղաքացիություն:
- 2000 թ. ՄԱԿ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման միջազգային ակադեմիայի կողմից պարգեւատրվել է պատվավոր գովասանագրով:
- 2011թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Տեր Հովնան արքպս. Տերտերյանին շնորհվել է մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար: