Ես Տաթևն եմ՝ Արևելագիտության ֆակուլտետից: Մեր ֆակուլտետի և ՀԵՀԵՄ-ի միջև ձևավորված համագործակցությունը տարիների պատմություն ունի: Այդ համագործակցության շրջանակներում երկու տարի առաջ հնարավորություն ունեցա որպես ունկնդիր մասնակցելու ՀԵՀԵՄ-ի կազմակերպած բանախոսություններից մեկին:
Կառույցում տիրող ազգային, հոգևոր և հայրենասիրական մթնոլորտից ոգեշնչված՝ որոշեցի անդամակցել ՀԵՀԵՄ-ին:
Հարցազրույցի օրն ինձ ՀԵՀԵՄ-ում դիմավորեց հյուրընկալը՝ մեր սիրելի տիկին Նարինեն, ում պայծառ ժպիտը խոստանում էր, որ այս կառույցն ինձ համար դառնալու է հարազատ և յուրահատուկ վայր:
Կառույցի հոգևոր տեսուչ Հայր Թովմայի հետ ծանոթանալուց հետո հասկացա, որ ՀԵՀԵՄ-ը արժեքներ ստեղծող և դրանք ամուր պահող կառույց է: Դառնալով ՀԵՀԵՄ-ի ընտանիքի մի մասնիկը՝ դառնում ես այդ արժեքների կրողն ու պահպանողը:
Յուրաքանչյուրիս համար ՀԵՀԵՄ-ական լինելը պատիվ է և կոչում, և յուրաքանչյուրս ձգտում ենք արժանի լինել այդ կոչմանը:
ՀԵՀԵՄ-ը սովորեցնում է հարգել, գնահատել, լինել հանդուրժող և ներողամիտ, հպարտ լինել որպես հայ և որպես քրիստոնյա, հավատարիմ մնալ մեր դավանանքին և ազգային ինքնությանը: ՀԵՀԵՄ-ն այս իրականության մեջ այլ աշխարհ է՝ բացառապես հայկականությամբ շնչող և ապրող:
Տաթևիկ Դունամալյան
ՀԵՀԵՄ անդամ