ՀԵՀԵՄ-ի մասին ինձ պատմեց իմ ամենամոտ ընկերուհիներից մեկը. ես գործազուրկ էի, անգործ,  ձանձրացած ու տխուր, նա խորհուրդ տվեց ինձ դիմել ՀԵՀԵՄ` այն հույսով, որ հաճելի աշխատանքով և հաճելի մարդկանց հետ շփումով ինձ կուրախացնի: Հետագայում, երբ ինձ կանչեցին հարցազրույցի, արդեն աշխատանքի էի ընդունվել, բայց չմերժեցի առաջարկը և ճիշտ արեցի. ՀԵՀԵՄ-ը դարձավ ինձ համար այն վայրը, ուր փախչում եմ առօրյա-աշխատանքային տաղտուկից և խնդիրներից:

ՀԵՀԵՄ-ից ինձ հետ տուն եմ տանում նոր գաղափարներ, դրական էմոցիաներ ու տպավորություններ, նոր գիտելիքներ և ամենակարևորը` ոգևորություն:

ՀԵՀԵՄ-ն այն հազվագյուտ միջավայրն է, որտեղ որևէ մեկը տոգորված չի միայն իր անձնական շահով, նյութականով. կան հոգևոր արժեքներ, մարդասիրություն, բարեկամություն, հետաքրքրություն առ մշակույթն ու գրականությունը, հոգեպես հարստանալու ցանկություն: ՀԵՀԵՄ անդամները պարզ են, անմիջական, ամեն մեկը` յուրահատուկ մարդ և հաճելի զրուցընկեր:

Արժի լինել ՀԵՀԵՄ անդամ՝ ծանոթանալու համար ՀԵՀԵՄ յուրահատուկ և ջերմ ընտանիքին, ձեռք բերելու համար կարևոր փորձառություն, նոր գիտելիքներ, ընկերներ, վկայագրեր ու բնութագրեր, ինչպես նաև` թրծվելու համար որպես աշխատակից և մարդ:


Ամեն անգամ ՀԵՀԵՄ գրասենյակ այցելելիս, մի նոր բան եմ սովորում, ոչ միայն՝ աստվածաշնչյան և հոգոր բազում դասեր, եկեղեցական տոների իմաստն ու իրական նշանակությունը, այլև` հայ գրականության և արվեստի մասին բազմաթիվ հետաքրքիր բաներ, աշխատանքային էթիկա և գործատուին ներկայանալու հմտություններ: ՀԵՀԵՄ անդամների համար սեփական դասախոսություններս կարդալու շնորհիվ սովորել եմ ավելի լավ կարգավորել իմ խոսքը, ավելի գրագետ  ներկայացնել ունեցածս ինֆորմացիան և այլն: Իսկ եթե մեկ նախադասությամբ նկարագրեմ ՀԵՀԵՄ-ը՝ վայր, որտեղ իրականանում են երիտասարդների երազանքները:

Լուսինե Ադամյան

ՀԵՀԵՄ անդամ