Մարտի 31-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Գրասենյակում անցկացվեց «Համացանցային մարտահրավերներ» թեմայով դասընթացը՝ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Դասընթացին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերից ուսանողներ և ՀԵՀԵՄ թեմական երիտասարդներ։ Դասընթացն ուղղված էր երիտասարդների կարողությունների զարգացմանը և անցկացվում էր «Կրթական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն սիրիահայ, արցախահայ և տեղաբնակ ուսանողների համար» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի բանախոսներն էին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը՝ «Սոցիալական կայքերը և դրանցից օգտվելու գրագետ միջոցները» թեմայով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի պատասխանատու, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի IT պատասխանատու, մեդիափորձագետ Լիլիա Թոթոլյանը՝ «Կիբերանվտանգություն և կիբերհիգիենա» թեմայով և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքի խմբագիր և SMM մասնագետ Շահանե Հարությունյանը՝ «Մեդիագրագիտություն» թեմայով։ Բոլոր բանախոսներն իրենց դասընթացը բաժանել էին տեսական մասի և խմբային աշխատանքի։

Դասընթացն անցավ ինտերակտիվ կերպով։ Երիտասարդներն իրենց հուզող հարցերը տվեցին մեդիատիրույթում ճիշտ կողմնորոշվելու նպատակով, ծանոթացան մեդիագրագիտության գործիքներին։ Դասընթացի վերջում նրանք ներկայացրեցին իրենց խմբային աշխատանքները։