Հունիսի 25-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Կոտայքի թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Տեր Համազասպ քահանա Հագեյանի, Չարենցավանի Սուրբ Փրկիչ Եկեղեցու երիտասարդական միության ատենապետ Հակոբ Իմիշյանի և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական հարցերով պատասխանատու Վահան Մարդյանի հետ։

Տեր Համազասպը և Խորեն Դպիրը ներկայացրեցին համավարակի ընթացքում Կոտայքի թեմի երիտասարդական գործունեությունը

  • Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պարենամթերք է բաժանվել, որին Տեր Հայրերի հետ միասին մասնակցել են տարբեր համայնքների երիտմիությունների անդամներ և պարենամթերքը առաքել են տանտերերին։
  • Համավարակի ողջ ընթացքում պահպանելով անվտանգության կանոնները կազմակերպվել են Սուրբ գրքի ուսուցումներ,
  • Կոտայքի թեմի գոհարները ճանաչելի դարձնելու նպատակով երկու Ուխտագնացություն է իրականացվել։ Այս առումով նաև աշխատանքներ են տարվում գիրք հրապարակելու ուղղությամբ։
  • Երիտասարդները նաև անհատական աջակցություն են ցուցաբերում մարդկանց։ Օրինակ Չարենցավանում բնակարան էր այրվել, որի վերանորոգման աշխատանքները հանձն էին առել հենց նրանք,
  • Երիտասարդների նախաձեռնությամբ նաև հագուստներ են բաժանվել կարիքավոր ընտանիքներին,
  • կազմակերպվել է առցանց ուսուցում,
  • Իրականացվել են հոգևոր քննարկումներ,
  • Կան մի շարք նախատեսվող այլ ծրագրեր։

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական հարցերով պատասխանատու Վահան Մարդյանն էլ ներկայացրեց ԱՀԹ երիտասարդական գործունեությունը

  • Համավարակի շրջանում բարեգործական երկու մեծ ծրագիր է իրականացվել երկու փուլով։ Սոցիալական աջակցության այս ծրագրերում երիտասարդները մեծ ներդրում են ունեցել փաթեթների հավաքագրման և շահառուներին բաժանելու գործում,
  • Իրականացվել է «Եկեղեցին իմ կյանքում» թեմական առցանց նախաձեռնությունը, որի շրջանակում պատրաստվել և հրապարակվել են մի շարք տեսահոլովակներ,
  • Իրականացվել են մի շարք այլ առցանց նախաձեռնություններ,
  • Մշակվել են նոր ծրագրեր։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց, որ ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակը տարածաշրջանային ժողովների հասնելն է, որոնց ընթացքում քննարկվելու են ՀԵՀԵՄ երիտասարդական 2020-2021 ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը։

Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը։ Տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված լինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։

Հայր Թովման խոսեց ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացության մասին, որը նվիրված է լինելու Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։

  • Քննարկվեցին նաև գահակալության 20-ամյակի կապակցությամբ նախատեսվող ձեռնարկներ և մի շարք այլ ծրագրեր։
  • Ներկայացվեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու երիտասարդները» խորագրով նախաձեռնությունը։
  • Թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին» և «Իմ եկեղեցին» նախաձեռնությունները, որոնց շուրջ Կենտրոնական գրասենյակ-թեմեր համագործակցությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
  • Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնություններից «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը տվեք Կայսերին, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

https://www.facebook.com/hehemofficial/posts/2751253028311978