Հունիսի 4-ին տեղի ունեցավ թեմական երիտասարդական միությունների պատասխանատուների հետ մեր հերթական հեռավար հանդիպումը։ Օրվա քննարկումը Ուկրաինայի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու՝ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանի, աշխարհիկ ներկայացուցիչներ Ազգանուշ Վարդանյանի և Նարե Չիրկինյանի հետ էր։
Հանդիպումը սկսվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի ողջույնի խոսքով։ Հայր Սուրբը խոսեց հանդիպումների այս մեթոդի?, համավարակի շրջանում ստեղծված նոր հնարավորությունների և հետագայում դրանց կիրառման կարևորության մասին։
Ուկրաինայի թեմի երիտմիությունների պատասխանատուները ներկայացրին համավարակի ընթացքում իրենց իրականացրած ծրագերը։
Դրանցից են․
- «Աղոթենք տանը» ծրագիրը, որը սկսվել է համավարակի տարածումից ավելի շուտ և շարունակվում է մինչ օրս,
- Շաբաթական 2-3 անգամ ℤoom-ով տեղի ունեցող Հոգևոր զրույցները տարբեր հոգևորականների հետ Ուկրաինայից և աշխարհի տարբեր ծայրերից,
- Թեմի համար Telegram-ում ստեղծված սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) հարթակը,
- Եվ «Քրիստոմատիաս»-նախաձեռնությունը, որն իրենից ներկայացնում է տարեկան երկու անգամ իրականացվող համահայկական վիկտորինա՝ աշխարհի տարբեր ծայրերից հայ երիտասարդների մասնակցությամբ։
Հանդիպման շրջանակում անդրադարձ կատարվեց նաև 2019թ․ իրականացված ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությանն ու ատենապետաց ժողովին։ Քննարկվեցին
- Կենտրոնական գրասենյակ-թեմ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները,
- 2020-2021թթ․ նախատեսվող «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը,
- Կենտրոնական գրասենյակի և թեմերի իրականացրած և նախատեսվող ծրագրերը՝ նվիրված Վեհափառ Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձին,
- մի շարք այլ օրակարգային հարցեր։
Հանդիպումն ավարտվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու «Փարատիր մեր ցավերը» հիվանդաց շուտափույթ առողջության համար արված միասնական աղոթքով:
Հիշեցնենք, որ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ մեկնարկում է հեռավար հանդիպումների հերթական շարքը՝ թեմական երիտասարդական միությունների հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ։
https://www.facebook.com/hehemofficial/posts/2670084343095514