• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ℂoronaℤoom. Վիրահայոց թեմ

Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Տեր Տաթև քահանա Մարուքյանի, և ներկայացուցիչներ Էմիլ Սարգսյանի ու Նինա Սերոբովայի հետ։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսչի ողջույնի խոսքից հետո Տեր Տաթևը նշեց. «Ողջունելի գաղափար էր «կորոնազումով» հանդիպումները, որպեսզի մենք շարունակական կապ պահենք և միմյանց հետ փորձով կիսվելու հնարավորություն ունենալ»։

Նա ամփոփեց երիտասարդների թեմում իրականարած գործունեությունը համավարակի շրջանում.

  • «ՀԵՀԵՄ-ի լրահոսին հետևելով` տեսա, որ կարանտինային շրջանում շեշտը դրված է եղել հիմնականում հումանիտար աջակցության վրա։ Մենք ևս իրականացրել ենք այդպիսի ծրագրեր՝ սննդի փաթեթավորում, տեսակավորում, բաշխում և այլն»,- ասաց Տեր Հայրը։
  • Նա նաև նշեց, որ քանի որ համավարակի ընթացքում եկեղեցիների դռները չփակվեցին, հատկապես կիրակի օրերին պետք էր հետևել համավարակային անվտանգության կարգուկանոնին, և այդ պատասխանատու գործը երիտասարդներն իրենց վրա էին վերցրել։ Պետք էր այդ գորընթացը կանոնավորել և հետևել, որ մարդիկ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, լինեն անվտանգ։
  • Նինա Սերոբովան նշեց․ «Շատերին կարող է թվալ, որ երեք ամիս մենք տանը նստած էինք, բայց ոչ, մենք շարունակում էինք մեր բնականոն աշխատանքը։ Մենք զումով շարունակել ենք անցկացնել մեր դասընթացները մեր դպրոցական կամավորների հետ, իրականացնում Աստվածաշնչի ուումնասիրություն և այլն»։
  • Նինան ներկայացրեց նաև 30 ընտանիքի և տարեց մարդկանց համար սննդի առևտուր կազմակերպելն ու բաշխելը` նշելով․ «Մեր առաքելությունն ու գլխավոր նպատակներից է տարեցներին՝ տատիկ-պապիկներին չմոռանալը, ուշադրություն դարձնելը, որովհետև մենք եկեղեցի ունենք իրենց շնորհիվ և իրենցով է եկեղեցին լիքը»։
  • Էմիլ Սարգսյանն էլ խոսեց ուսանողների հետ Zoom-ով շարունակվող քննարկումներից։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ մինչ համավարակը, եթե մարդիկ հեռու էին ապրում և երբեմն չէին կարողանում միանալ քննարկումներին, ապա հիմա բոլորն են ներկա․ «Առաջ նույնիսկ չէինք նկատում այս ռեսուրսի կիրառությունը, հիմա հեռավորությունը նույնիսկ չի խանգարում»,- ասաց նա։
  • Թեմի երիտասարդները նաև տարբեր տեսանյութեր են պատրաստել և տարածել տոների խորհուրդների, կարգի մասին։
  • Ամփոփելով այս շրջանի ծրագրերը, Տեր Տաթևը նշեց, որ համավարակը չէր խանգարում ակտիվությունը պահպանել։ Այժմ արդեն մեծամասամբ թուլացել են համաճարակի առանցքում առաջացած մի շարք սահմանափակումներ և խիստ օրենքներ այլևս չկան։ Այս թուլացումներին ընդառաջ թեմի երիտասարդները նաև մեծ թեյատվություն են իրականացրել։

Տեր Հայրը հավելեց․ «Թբիլիսահայ երիտասարդները և բոլորը անկեղծ ու ամբողջ սրտով աղոթում են մայր հայրենիքի համար, որպեսզի Հայաստանը հզոր լինի ու ամուր այս փորձությունների առաջ»:

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ քննարկվեցին օրակարգային այլ հարցեր ևս։

Հայր Սուրբը նախ խոսեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության մասին` նշելով, որ Կենտրոնական գրասենյակում թրեյնինգներ են իրականացվում և տարածաշրջանային ժողովների ժամանակ պիտի այսպիսի ծրագիր ունենանք, որի խորագիրը կլինի «Մենք ենք աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք եկեղեցու ձեռքերը»։ Քննարկվեցին Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի կապակցությամբ ձեռնարկներ և նախատեսվող մի շարք ծրագրեր։

Հայր Թովման խոսեց նաև այս հեռավար հանդիպումների վերջնանպատակի՝ տարածաշրջանային ժողովների մասին, որոնց ընթացքում քննարկելու և պլանավորվել է ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացությունը, որը ևս նվիրված կլինի Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։ Նա ներկայացրեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու երիտասարդները» խորագրով նախաձեռնության մասին։

Գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ եկեղեցին»  նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև «Երիտասարդի աղոթագիրք» արդեն իսկ հրատարակված ձեռնարկին, նոր հրատարակությունների ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, որոնցից են «Հայրապետական պատգամներ», «Երիտասարդի պատարագամատույց» մի շարք այլ ձեռնարկները։

Օրվա քննարկումն ավարտվեց հիվանդների ապաքինման համատեղ աղոթքով:

#ℂoronaℤoom📆Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Վիրահայոց թեմի երիտասարդական…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, June 10, 2020

Yandex.Metrica