Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ℂoronaℤoom հեռավար հանդիպումը Եգիպտոսի հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի, եգիպտահայ համայնքից Կարին Կրպոյանի և Ռոզա Արթինյանի հետ:
Եգիպտոսում հայերը, ինչպես Միջին Արևելքի այլ երկրներում (Թուրքիա, Իրան, Լիբանան), ունեն ոչ թե ազգային, այլ կրոնական համայնքի կարգավիճակ։
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը կազմավորվել է 1825 թվականին։ Առաջնորդանիստը՝ Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Թեմն ընդգրկում է Եգիպտոսի համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը:
Եգիպտոսի հայոց թեմին կից գործող երիտասարդաց միության ծրագիրը մի փոքր այլ է։ Որպես այդպիսին, հոգևոր դասընթացների շրջանակներում գործում է «Հայ քրիստոնյա ընտանիք», ինչպես նաև համայնքի կուսակցական, մշակութային, մարզական, բարեգործական սրահները («Հուսաբեր» մշակութային ընկերակցություն, «Գոգանյան սրահ», «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն» (ՀՄԸՄ) և այլն … ), որոնք թեմի հետ համագործակցաբար իրականացնում են ծրագրեր:
Կարին Կրպոյեանը և Ռոզա Արթինեանը գաղութում գործող սրահների անդամներ են, նրանք մի խումբ երիտասարդների հետ համավարակի ընթացքում իրականացրել են մի շարք ծրագրեր՝ թե՛ սոցիալական, թե՛ հոգևոր:
Օրինակ Կարինը, սրահակից երիտասարդների հետ, համավարակի բռնկման ժամանակ բժշկական խորհրդատվություն է տվել համայնքի բոլոր այն անդամներին, ովքեր ունեցել են դրա կարիքը, նրանք նաև հատուկ խմբեր են կազմել տարեցներին սոցիալական և կենցաղային հարցերում օգնելու համար:
Իսկ Ռոզան, Աստվածաշունչ ուսուցանելու նորարարական ուղիներ է փորձում մշակել: Ըստ նրա՝ նոր մատուցումը կարող է ստեղծել նոր մտածելակերպ, ինչի կարիքը երիտասարդները այսօր ամենից շատը ունեն…
ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց, որ Coronaℤoom հանդիպումների վեջնանպատակը տարածաշրջանային ժողովների հասնելն է, որոնց ընթացքում քննարկվելու են ՀԵՀԵՄ երիտասարդական 2020-2021 ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը։
Հանդիպման ընթացքում Թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին» և «Իմ եկեղեցին» նախաձեռնությունները, որոնց շուրջ Կենտրոնական գրասենյակ-թեմեր համագործակցությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
Հանդիպման ողջ էությունը Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը ամփոփեց մեկ նախադասությամբ.
«Ինչպես ծաղկեփունջը ծաղիկների բազմազանությունից է գեղեցկանում, այդպես էլ երիտասարդությունն է…»: