Սիրելիներ,
ճանապարհում ենք Տերունական 2020 թվականը: Անցնող տարին, իրոք, ծանր, փորձություններով և տագնապներով լի տարի էր հայ ժողովրդի համար։ Արցախյան պատերազմը ողնահարեց մեզ, բոլորս բռուցքվեցինք միմյանց շուրջ, գոտեպնդեցինք հայ զինվորին, նեցուկ եղանք տնավեր դարձած արցախցի մեր քույրերին ու եղբայրներին, սակայն, ավա՜ղ, չհասանք մեր՝ այնքա՜ն բաղձալի հաղթանակին։

Այժմ, որքան էլ դժվար լինի, փորձում ենք փյունիկի պես վեր հառնել մոխիրներից, ամրապնդել մեր հոգնաբեկ սրտերը՝ ապավինելով Բարձրյալ Տիրոջ սրբասուրբ կամքին։

Այնուամենայնիվ, անցնող տարին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի համար բեղումնառատ էր։ Նախ հատկանշական էր գրասենյակը նոր կայտառ անդամներով համալրելը։ Աշխարհում մոլեգնող Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մեր աշխատանքները, բնավ, չտուժեցին․ առցանց հարթակում արդյունավետ քննարկումներ ունեցանք, իրականացրեցինք «CoronaZoom» նախաձեռնությունը, կյանքի կոչեցինք «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը, կազմակերպեցինք այլ միջոցառումներ նույնպես։

Արցախյան պատերազմի ահասարսուռ օրերին անմասն չմնացինք թիկունքային գործուն աշխատանքներից․ բարոյահոգեբանական տարաբնույթ աջակցություններ ցուցաբերեցինք մեր քաջարի հայորոդիներին, այցելեցինք վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին, օրհնած խաչեր, աղոթագրքեր ուղարկեցինք սահմանապահ դիրքեր, ինչպես նաև մեր անդամների համար կազմակերպեցինք գոտեպնդող հոգևոր-դաս քննարկումներ։

Հարկ է նշել, որ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը, հավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը, անշեղորեն շարունակեց հայ երիտասարդի հոգում սերմանել սերն առ Քրիստոս, առ Առաքելական մեր Մայր Եկեղեցին եւ առ Հայրենիք։

Նոր ակնկալիքներով և ուրախությամբ դիմավորենք 2021 թվականը՝ սրտի թրթիռով սպասելով Տիրոջ Սուրբ Ծննդյան լուսե Ավետիսին։

Աղոթքս է, որ  հայ ժողովուրդը և համայն մարդկությունն այլևս զերծ մնա արյունալի պատերազմներից, ողբերգություններից, չարագույժ սպառնալիքներից և հոգեմաշ հիվանդություններից։

Իմ թանկագի՛ն հայ երիտասարդներ, թո՛ղ Երկնավոր Տիրոջ նախախնամությամբ նորանոր բարձունքներ նվաճեք, լավ մասնագետներ դառնաք ու ամբարած գիտելիքներով նպաստեք Հայրենիքի առաջընթացին, որպեսզի հոգիս բերկրի և ցնծա ձեզանով։

Աստված պահապան բոլորիդ։

Շնորհավոր 2021 թվական։

 

Սիրով և օրհնությամբ՝

Թովմա վարդապետ Խաչատրյան
ՀԵՀԵՄ Հոգեւոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն