Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում շարունակվում է «Աստծո կամքը» 7-շաբաթյա քննարկումների շարքը։
Մայիսի 16-ի հանդիպման թեման էր «Աստվածաշունչը և գուշակությունները»։
Դասընթացը վարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը։
Անդրադարձ եղավ երազներին, տեսիլքներին, գուշակություններին, գրբացությանը և նմանատիպ այլ երևույթներին՝ Սուրբ Գրքի և քրիստոնեական արժեհամակարգի լույսի ներքո։
«Աստծո կամքը» դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։
ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: