Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների Կենտրոնական գրասենյակի հրավերով սույն թվականի մարտի 27-ին Արաբկիրի Հայորդյաց տան դահլիճում անցկացվեց «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը կառույցի ավելի քան հիսուն սաների և մանկավարժների համար։

Դասընթացին բացման խոսքով հանդես եկավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումում (ՀԵՀԵՄ) իր ծառայությունն իրականացնող Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ մասնակիցներին փոխանցելով ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությունը և բարեմաղթանքները։

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը աստվածաշնչյան դասընթաց է, որը նախատեսված է երիտասարդների համար որպես յուրատեսակ մեթոդական ձեռնարկ: Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու, հոգևոր-եկեղեցական լրագրող Արաքս Պողոսյանն է:

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:

Երիտասարդները ոչ միայն դասընթացի մասնակից էին, այլև՝ ընթացքն ապահովողները։ Հատկապես հուզիչ էր, երբ Հայորդյաց տան սաների կատարմամբ հնչեց «Առավոտ լուսո» շարականը։
«Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը վարողի համար նոր փորձառություն էր միաժամանակ մանկավարժների և նրանց սաների համար դասընթացի անցկացումը։

ՀԵՀԵՄ կամավորներից Դասընթացի խաղային մասն ապահովեց Դավիթ Գրիգորյանը, իսկ տեխնիկական մասը՝ Դիանա Շախբազյանը։

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայորդյաց տների հոգևոր տեսչի ժ/պ Լիաննա Առաքելյանը։ Կարևորելով նման դասընթացի անցկացումը՝ վերջինս հույս հայտնեց, որ ՀԵՀԵՄ-Հայորդյաց Տներ համագործակցությունն այսքանով չի սահմանափակվի և առավել կսերտանա։

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացի բոլոր մասնակիցներին բաժանվեցին վկայականներ։

Դասընթացը մեկնարկեց և ավարտվեց աղոթքով։